Թրամփը Nvidia-ի հարյուր հազարավոր դոլարների բաժնետոմսեր է վաճառել (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումային պորտֆելից Nvidia-ի բաժնետոմսեր են վաճառվել 500 հազարից մինչև մեկ միլիոն դոլարի չափով։

Ինչպես հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ ուսումնասիրելով ԱՄՆ նախագահի ֆինանսական հայտարարագրերը, Դոնալդ Թրամփի ներդրումային պորտֆելում Nvidia ընկերության բաժնետոմսերի խոշոր վաճառք է իրականացվել այն բանից մի քանի օր անց, երբ նախագահին տեղեկացրել են ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի և Megaspeed ընկերության ղեկավար Էլիս Հուանգի հարաբերությունների մասին։ Վերջինս, ըստ առկա կասկածների, հնարավոր է՝ գործել է Չինաստանի շահերից ելնելով։

Ավելի վաղ The New York Times-ը տեղեկացրել է, որ Թրամփը Ջենսեն Հուանգի այդ կապերի մասին իմացել է մայիսի 13-ին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախագահին համապատասխան հետախուզական տեղեկություններ է փոխանցել Չինաստան կատարած այցի ընթացքում՝ ինքնաթիռում։ Նույն ուղևորությանը մասնակցել է նաև Ջենսեն Հուանգը, գրում է Meduza-ն:

Մայիսի 18-ին՝ Չինաստանից վերադարձին հաջորդած առաջին երկուշաբթի օրը, Թրամփի ներդրումային պորտֆելից վաճառվել են Nvidia-ի 500 հազարից մինչև մեկ միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր։ Գործարքի հստակ գումարը հնարավոր չի եղել պարզել, քանի որ նախագահի ֆինանսական հայտարարագրում ներկայացված է միայն արժեքային միջակայքը։

CNBC-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Nvidia-ն Թրամփի անձնական ներդրումային պորտֆելի երեք խոշորագույն ակտիվներից մեկն է։ 2025 թվականի ավարտի դրությամբ ԱՄՆ նախագահին պատկանող այդ ընկերության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատվել է 12․5 միլիոնից մինչև 58 միլիոն դոլար։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփի պորտֆելում Nvidia-ի բաժնետոմսերով իրականացվել է ավելի քան 100 գործարք։

Սպիտակ տան ներկայացուցիչը CNBC-ին տված մեկնաբանությունում հայտնել է, որ նախագահի ներդրումային ակտիվները կառավարվում են անկախ խորհրդատուների կողմից՝ առանց Թրամփի անմիջական մասնակցության։ Միաժամանակ նախագահի ֆինանսական հայտարարագրերում որևէ ապացույց չի հայտնաբերվել, որ նա անձամբ է հանձնարարել իրականացնել այդ գործարքները կամ որ նրա ֆինանսական խորհրդատուներին հասանելի են եղել գաղտնի տեղեկություններ։

Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգն արդեն պատրաստակամություն է հայտնել վերադառնալու ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին։

«Եթե տնօրենների խորհուրդը որոշի, որ իմ վերադարձը համապատասխանում է մեր բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության և Ամերիկայի շահերին, ես ուրախ կլինեմ արձագանքել այդ կոչերին և վերադառնալ»,— հայտարարել է Հուանգը:

Հուանգի խոսքով՝ պաշտոնին վերադառնալու խնդրանքով իրեն դիմել են ընկերության բազմաթիվ աշխատակիցներ, ներդրողներ, գործարար գործընկերներ և հաճախորդներ։

Ջենսեն Հուանգի անձնական հարաբերությունների մասին տեղեկությունները հանրությանը հայտնի են դարձել հոկտեմբերի վերջին՝ The New York Times-ի հրապարակումից հետո։ Դրանից կարճ ժամանակ անց ի հայտ են եկել նաև տեղեկություններ Nvidia-ում աշխատող ևս երկու կանանց հետ Հուանգի ունեցած կապերի վերաբերյալ։ Ստեղծված իրավիճակից հետո ընկերությունը նրան հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։

Leave a comment