Արցախից տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կգործի ևս 1 տարի

ՀՀ կառավարությունը մտադիր է 1 տարով երկարաձգել Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։

Նախաձեռնության հիմնավորման համաձայն՝ ներկայում գործող օրենսդրական կարգավորումներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրված ժամանակավոր պաշտպանության ժամկետը սահմանվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ, հայտնում է Արմենպրեսը:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

«Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմում է ներկայացրել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2154 անձ։ Մինչդեռ 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 6929-ի։

«Միաժամանակ, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակում օրենսդրությամբ սահմանված է ժամանակավոր պաշտպանություն ստացածի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջը։

Վերոգրյալով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա ապահովել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը՝ միաժամանակ նվազեցնելով փաստաթղթերի ժամկետները լրանալու հետևանքով առաջացող վարչական խոչընդոտները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Leave a comment