Հայաստանում երկու պետական կոմիտե վերանվանվել է և անցել կառավարության ենթակայությանը

Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե


ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեների վերանվանումը, ինչպես նաև դրանց ենթակայության փոփոխությունը։


Մասնավորապես, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում։


Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե։


Երկու գերատեսչություններն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կանցնեն կառավարության անմիջական ենթակայության տակ։


Ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը նշել է, որ ջրային ոլորտի զարգացումն առաջիկա տարիներին լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը և կպահանջի պետական ներդրումներ։


Նրա խոսքով՝ այդ ներդրումների պլանավորման և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է համապատասխան լիազորություններով և հնարավորություններով օժտված կառույց։


Հողի և ջրի կոմիտեին կփոխանցվեն նաև Էկոնոմիկայի նախարարության մի շարք գործառույթներ, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մշտադիտարկումը, դրանց արդյունավետ օգտագործման ապահովումը, մելիորատիվ վիճակի պահպանումն ու բարելավումը։


Ինչպես հայտնել է Ավետիսյանը, վերանվանվող գերատեսչությունների կանոնադրությունները հաստատելու և անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերն ընդունելու համար նախատեսված է վեցամսյա ժամկետ՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահից։


 

Leave a comment