«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բողոքը շարունակվում է։ Նոյեմբերի 17-ին Երևանի կենտրոնում գտնվող իրենց գույքի օտարման և փոխհատուցման հարցով բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել, այս անգամ՝ Ազգային ժողովի դիմաց։ Նրանց միացել են նաև Բյուզանդի և Կոնդի բնակիչները։
Ակցիայի մասնակիցները դժգոհում են հանրային գերակա շահի շրջանակում իրենց գույքի գնահատման և օտարման գործընթացից։ Նրանք պահանջում են արդար որոշում և իրենց սեփականության դիմաց համարժեք փոխհատուցում։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ ցանկանում են, որպեսզի իրենց ունեցվածքը հասնի իրենց, մեկ այլ բնակիչ էլ կատարվածը որակել է որպես գույքի խլում և ունեզրկում։
Նկատենք, որ Ֆիրդուսի թաղամասի խնդիրը նոր չէ։ Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռևս 2008 թվականին, իսկ 2018 թվականի մարտի 22-ին այդ որոշումը վերահաստատվել է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր քանդել հին շենքերն ու կառուցել նոր՝ 33-րդ թաղամասը՝ բնակելի շենքերով, բիզնես կենտրոններով և հյուրանոցներով։ Նախագծի հեղինակը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Ովքե՞ր են կառուցապատողները․
2018 թվականին կառավարության որոշմամբ Ֆիրդուսի թաղամասի՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածքները բաժանվել են առանձին լոտերի և տրամադրվել տարբեր ընկերությունների։ 2020 թվականին Երևանի ավագանու նիստում այս հարցին անդրադարձել էր այն ժամանակվա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Նա հայտնել էր, որ 19 լոտերը բաժանվել են տարբեր ՍՊԸ-ների միջև, որոնք հիմնադրվել էին մեկ անձի կողմից։ Սիսեռյանի խոսքով՝ գործընթացը համակարգվել է, իսկ տարածքներում ներդրումներ իրականացնելու համար ներգրավված են եղել մի քանի ներդրողներ։ Նա նաև նշել էր, որ այդ պահին կար 9-10 ներդրող։
Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացում տարիների ընթացքում փոխվել են կազմակերպությունների անվանումները՝ «City Center Development», «Գլենդել Հիլզ», «Դիանար» և հետագայում 17 առանձին ընկերություններ, սակայն դրանց հետևում կանգնած առանցքային անձը եղել է նույն մարդը՝ Էդուարդ Մելիքյանը, որը տարբեր ժամանակահատվածներում հանդես է եկել այդ ընկերությունների ղեկավարի, տնօրենի կամ բաժնետիրոջ կարգավիճակով։ Այսինքն՝ կազմակերպությունները մասնատել է Մելիքյանը, ստեղծել բազմաթիվ կառուցապատողների առկայության տպավորություն, բայց իրականում բոլորը փոխկապակցված են եղել նույն անձի հետ։ Եվ հենց նույն անձն է, որ տարիներ շարունակ չի կատարում իր պարտավորությունները բնակիչների նկատմամբ։
2023 թվականին «Հետք»-ի հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ Ֆիրդուսի թաղամասի երկու լոտերի կառուցապատման իրավունք էր տրվել «Զեյթուն քոնսթրաքշն» և «Բաբերդ քոնսթրաքշն» ՍՊԸ-ներին։ Խոսքը Խանջյան փողոցի հետնամասում գտնվող՝ ընդհանուր շուրջ 6500 քմ տարածքի մասին էր։ Ընկերությունների իրական շահառուների հայտարարագրերում որպես երկու ընկերությունների իրական շահառու նշված էր Ուկրաինայի քաղաքացի Յուրի Գրուվերը։ Սակայն արդեն 2024 թվականին իրական շահառու է դարձել Կարինե Հարությունյանը։
Նույն հրապարակման համաձայն՝ «Բաբերդ քոնսթրաքշն», «Զեյթուն քոնսթրաքշն», ինչպես նաև «Մանազկերտ քոնսթրաքշն» և «Սասուն քոնսթրաքշն» ընկերությունների կառավարումը հանձնվել էր «Լոգիկոն դիվելոփմենթ» ՍՊԸ-ին։ Վերջինիս հիմնադիրը Վահե Պետրոսյանն էր, որին պատկանում էր ընկերության 57 տոկոս բաժնեմասը։ Քաղաքացիների պնդմամբ՝ «Լոգիկոն դիվելոփմենթ» ՍՊԸ-ի կառավարման ներքո գտնվող լոտերի բնակիչների հարցերը կարգավորման դրական փուլում են, և այդ գործընթացում ներգրավված Վահե Պետրոսյանից իրենք գոհ են։ Մինչդեռ մյուս լոտերի բնակիչների մի մասը տարիներ շարունակ ստիպված է եղել իր իրավունքները պաշտպանել դատարաններում։ Բնակիչների խոսքով՝ չնայած «Գլենդել Հիլզ»-ի սնանկ ճանաչվելուն և կառուցապատման գործընթացում ընկերությունների փոփոխությանը՝ նախկին գործընթացներից բխող դատական վեճերը դեռ շարունակվում են։ Բացի «Գլենդել Հիլզ»-ից, երկրորդ ընկերությունը, որից քաղաքացիները տուժել են, դա Էլիտ գրուպ ընկերությունն է և նրա սեփականատեր Արմեն Մկոյանը:
Ֆիրդուսից մինչև… կանեփի դաշտեր. Մեկ մարդ՝ տարբեր անուններով․ ով է Էդուարդ Մելիքյանը․
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, ով է այն գործատուն, ով տարիներ շարունակ խաբում է բնակիչներին։
Ինչպես արդեն նշվեց, տարիներ շարունակ Ֆիրդուսի թաղամասի շուրջ պտտվող սխեմաներում միշտ միևնույն առանցքային դեմքն է՝ Էդուարդ Մելիքյանը։ Նա եղել է «Գլենդել Հիլզ»-ի տնօրենը (այն նույն ընկերության, որի սնանկացման ու Գյումրու «Մուշ 2» թաղամասի չարաշահումների հետ կապված քրեական գործեր են քննվում), հետո՝ «Դիանար» ՍՊԸ-ի ղեկավարն ու բաժնետերը, որին պետությունը վստահեց Ֆիրդուսի (33-րդ թաղամասի) տարածքները։
Եվ այս նույն անձը, ով տարիներ շարունակ չի կատարում բնակիչների նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հանկարծակիորեն հայտնվում է… արդյունաբերական կանեփի բիզնեսում։
2021 թվականի ապրիլին կառավարությունը հավանության արժանացրեց արդյունաբերական կանեփի մշակումն ու արտահանումը թույլատրող օրենքների նախագծերը։ Հարցի զեկուցողն ու համապատասխան փոփոխությունները մշակողը այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն էր։
Ուշագրավն այն է, որ այս որոշումից ընդամենը երկու աշխատանքային օր անց Ավինյանի մտերիմ ընկերը՝ Ստեփան Մարգարյանը (ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քրոջ ամուսինը), ևս երեք անձանց հետ հիմնադրել են «Գրոուար» ՓԲԸ-ն՝ կանեփի աճեցման նպատակով։
«Գրոուար»-ի կանոնադրական կապիտալում 45 տոկոսը պատկանում է հենց Ստեփան Մարգարյանին, իսկ 22,5 տոկոսը՝ Ֆիրդուսի և կառուցապատման ոլորտի հայտնի դեմք Էդուարդ Մելիքյանին։ Ահա թե որտեղ են խաչվում մարդկանց ճակատագրերը՝ մի կողմից փողոցում հայտնված Ֆիրդուսի բնակիչներ, մյուս կողմից՝ իշխանավորների հետ սերտաճած բիզնես գործընկերներ։
Կառուցապատման ամբողջ ընթացքում բնակիչների հիմնական դժգոհություններից մեկը եղել է իրենց տների գնահատման և փոխհատուցման չափը։ Նրանք պնդել են, որ իրենց գույքը գնահատվում է շուկայական արժեքից զգալիորեն ցածր, իսկ օտարման գործընթացն իրականացվում է իրենց իրավունքների հաշվին։
Բնակիչների դժգոհությունները շարունակվել են նաև 2026 թվականին։ Փետրվարի 4-ին Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել Արդարադատության նախարարության դիմաց՝ պնդելով, որ իրենց տները շուկայական արժեքից 4-5 անգամ ցածր են գնահատում։ Նրանցից մեկը հիշեցրել էր, որ Տիգրան Ավինյանը, երբ դեռ փոխքաղաքապետ էր, հայտարարել էր՝ Ֆիրդուսի բնակիչներին նախկինում առաջարկվել է 600-700 դոլար, իսկ նոր առաջարկները պետք է կազմեն 1700-2000 դոլար։ Սակայն բնակիչների պնդմամբ՝ իրենց ստացած առաջարկներում մեկ քառակուսի մետրի դիմաց փոխհատուցումը նույնիսկ 1000 դոլարի չի հասնում։
Կառուցապատման նոր ձեռքբերողը․
Այսպիսով, Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ գործընթացը տարիների ընթացքում անցել է տարբեր ընկերությունների, ներդրողների և ձեռքբերողների միջոցով։ Միաժամանակ բնակիչների հիմնական պահանջը շարունակում է մնալ նույնը՝ իրենց սեփականության դիմաց ստանալ արդար և համարժեք փոխհատուցում։
Այսպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունները փոխվում են, խոստումները՝ թարմանում, կառուցապատող ընկերությունների անունները՝ շարունակաբար ձևափոխվում, բայց մի բան մնում է անփոփոխ. բնակիչը շարունակում է մնալ ունեզրկված, իսկ սխեմաների հետևում կանգնած դեմքերը՝ անպատիժ ու էլ ավելի հարստացած։
Տարիներ շարունակ հանրային գերակա շահի անվան տակ քաղաքացիներից խլված սեփականության հաշվին կառուցապատողներն ու նրանց հովանավորները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները, այլև պետական լծակների ու իշխանական մտերմության շնորհիվ ընդլայնում են իրենց բիզնես-կայսրությունները։ Մինչ Երևանի սրտում բնակիչները դատարանների ու կառավարական շենքերի դռների առաջ պայքարում են իրենց տարրական իրավունքների համար, պետական մեքենան աշխատում է ոչ թե հօգուտ սեփական քաղաքացու, այլ՝ նրան ունեզրկողների»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։