Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը

Քաղաքականություն

17.11.2026 | 22:08

Factor TV-ին հայտնի է դարձել, որ Վարչական դատարանը վարույթ է ընդունել թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դիմումը, որով ԸԸՀ-ն պահանջում է ուժը կորցրած ճանաչել Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի՝ Քաջայր Նիկողոսյանի գրանցումը։

Դատական ակտի համաձայն՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հայցադիմումը ներկայացրել է նոյեմբերի 16-ին։ Վարչական դատարանը նոյեմբերի 17-ին որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նշանակել դատաքննության։ Գործը քննելու է Վարչական դատարանի հինգ դատավորից կազմված կոլեգիան՝ նախագահող դատավոր Անի Հարությունյանի, դատավորներ Գրիգոր Առաքելյանի, Վարազդատ Միքաելյանի, Մհեր Պետրոսյանի և Տիգրան Սանթրոսյանի մասնակցությամբ։

Սպիտակ համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են նոյեմբերի 29-ին։

Հիշեցնենք՝ ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքի մասին ահազանգել էր «Անկախ դիտորդ» դաշինքը։ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական էր ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։

ԸԸՀ-ն արձանագրել է, որ Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գործողություններում առկա են ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ։

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրականացված վարչական վարույթի արդյունքներով փաստել է համայնքի ղեկավարի գործողությունների ոչ իրավաչափ լինելը։ Հանձնաժողովն անդրադարձել է տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ դրանք դիտարկելով Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում․ «…Մասնավորապես, նշված պաշտոնանկությունները կարող են դիտարկվել նաև Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումների համատեքստում, այսինքն, նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի, այդ թվում՝ մարդկային ռեսուրսի օգտագործումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով»։

Հանձնաժողովը հատուկ ընդգծել է, որ մարդկային ռեսուրսի չարաշահումը դրսևորվում է ոչ միայն աշխատակիցներին քարոզչության մեջ ուղղակիորեն ներգրավելով, այլև ծառայողական ճնշմամբ․ «Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ մարդկային ռեսուրսի օգտագործումը կարող է դրսևորվել ոչ միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին նախընտրական քարոզչությանն անմիջականորեն ներգրավելու, այլև նրանց նկատմամբ ծառայողական դիրքի բերումով ունեցած կառավարչական ազդեցությունն օգտագործելու միջոցով»։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment