Իրանի նավթի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը, իրականացնել էներգետիկ խոշոր ծրագրեր, ինչպես նաեւ ավելացնել գազի եւ նավթամթերքի արտահանումը Հայաստան։
«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը, Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի էներգետիկ ծրագրերի իրականացման համար ներդնել իր տեխնիկական եւ ինժեներական ներուժը։
Անդրադառնալով Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման գործում իրանական մասնավոր հատվածի մասնակցության վերաբերյալ կայացած բանակցություններին՝ նա հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել գազի առեւտրի նոր ուղիներ, ինչպես նաեւ Հայաստան հեղուկացված գազի (LPG) անսահմանափակ արտահանման հնարավորությունը։
Բովարդը նաեւ կարեւորել է Նավթի կենսաթոշակային հիմնադրամի ենթակայությամբ գործող ընկերությունների ներուժի օգտագործումը եւ երկու կողմերի առաջարկների քննարկումը համատեղ աշխատանքային խմբի շրջանակում։
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն իր հերթին ողջունել է համագործակցության ընդլայնումը՝ հայտարարելով, որ Երեւանը շահագրգռված է Իրանի հետ գազի եւ նավթամթերքի առեւտրի զարգացմամբ եւ պատրաստ է էներգետիկ ծրագրերում համագործակցել իրանական մասնավոր հատվածի հետ։
Երկու երկրները նախկինում եւս համագործակցել են գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման՝ մեխանիզմի շրջանակում։