«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը 18 տարեկան է՝ անցյալի հարուստ փորձով, ներկա տպավորիչ ցուցանիշներով ու ապագայի բազմաթիվ պլաններով

Ապահովագրությունը վստահության, պատասխանատվության և ֆինանսական անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Այսօր Հայաստանի ապահովագրական շուկան կանգնած է ինչպես նոր մարտահրավերների, այնպես էլ զարգացման հնարավորությունների առաջ։

Ապահովագրական շուկայի առաջատարներից «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն օրերս նշել է հիմնադրման 18-ամյակը: Ընկերության անցած ճանապարհի, տեղական ապահովագրական շուկայում առկա իրավիճակի, խնդիրների և հեռանկարների մասին «Բիզնես 24»-ը զրուցել է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի հետ:

– Նոյեմբերի 10-ին «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը նշեց հիմնադրման 18-ամյակը։ Սա բավական ժամանակ է ընկերության անցած ճանապարհն ամփոփելու համար։ Ինչպե՞ս կբնութագրեք «ՌԵԳՈ»-ի անցած տարիները։

– Իրականում 18 տարին բավականին մեծ ժամանակ է ընկերության փորձառության համար։ Արդեն կարելի է ասել՝ չափահաս ենք դարձել և բազմաթիվ փոփոխություններ ենք ունեցել մեր ընկերության պատմության ընթացքում։ Ավելի հատկանշական կլինի, եթե խոսեմ այն փոփոխությունների մասին, որոնք տեղի ունեցան ընկերության վերաբրենդավորումից և անվանափոխությունից հետո, երբ սկսվեց «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ » անվանմամբ փուլը։ Մենք ավելի ամրապնդեցինք մեր առաքելությունն ու արժեքները, որոնցով առաջնորդվում ենք։ Այս տարիների ընթացքում երկար փորձառություն ենք ձեռք բերել՝ փոփոխություններ կատարելով մեր ծառայությունների որակի և սպասարկման, ինչպես նաև ծառայությունների ցանկի մասով։

Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի բավականին մեծ ռեսուրս և ուշադրություն ենք կենտրոնացրել թվային տեխնոլոգիաների զարգացման վրա՝ ստեղծելով առցանց վաճառքների հարթակ և ունենալով մեր թվային օգնականը՝ ReDi անվանումով։

Մենք փորձել ենք նոր թափ հաղորդել մեր աշխատանքներին։ Եվ հետ նայելով նախորդ 18 տարիներին՝ ես հենց այդ փոփոխությունները կուզենայի մատնանշել, որովհետև դրանք կարևոր են այնքանով, որ հաճախորդը կարողանում է իր ուզած ձևով, ցանկացած պահի ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ և հետևել ապահովագրական պատահարի արդյունքում տեղի ունեցած հատուցման գործընթացքին։ Այսպիսով, հաճախորդը կարող է առանց ընկերության գրասենյակ այցելելու, առանց կոորդինացիոն կենտրոն զանգահարելու ստանալ իր հարցերի պատասխանները։

– Ապահովագրական պրոդուկտներից ամենաճանաչվածն ու ամենատարածվածը ԱՊՊԱ-ն է։ Հետաքրքիր է՝ ինչ կա այլ ապահովագրաոլորտների, մասնավորապես՝ ճանապարհորդական, բժշկական և անշարժ գույքի ապահովագրության առումով։ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ինչ ցուցանիշներ ունի։

– Ամենաճանաչվածն ԱՊՊԱ-ն է, քանի որ այն պարտադիր է: Նշեմ, որ այս պահին բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնք քննարկվում են ապահովագրական շուկայում, ինչպես նաև առաջարկվում են կարգավորողի կողմից։ Դրանք կրկին վերաբերում են պատասխանատվության դասերին՝ տարբեր պատասխանատվության ապահովագրություններին։ Հիրավի, պարտադիր լինելու դեպքում դրանք նույնպես կլինեն ավելի ճանաչված։

Եթե խոսենք ԱՊՊԱ պրոդուկտի մասին, ապա մենք 2025 թվականի վերջի դրությամբ ունեցել ենք շուկայում ամենաշատ գործող ԱՊՊԱ պայմանագրերը։ Բայց և այնպես, 2025 թվականի համեմատությամբ ուզում եմ նշել, որ էական աճ ունենք ինչպես գույքի ապահովագրության, այնպես էլ ցամաքային տրանսպորտի ապահովագրության՝ մեզ բոլորիս հայտնի ԿԱՍԿՈ ապահովագրության մասով։ Գրեթե եռակի աճ ունենք ճանապարհորդության ապահովագրության մասով, որի նախապայմաններից էր նաև հարևան երկրի՝ Վրաստանի սահմանին վկայականների վաճառքը։

Դժբախտ պատահարների ապահովագրության մասով անցած տարվա նկատմամբ ունենք զգալի աճ։ Այս ապահովագրության մասով շուկայում նույնպես առաջատար դիրքերում ենք։ Այս պահին, եթե չեմ սխալվում, մենք առաջինն ենք դժբախտ պատահարների ապահովագրության վկայականների վաճառքով։

Եվ բնականաբար, մի փոքր առաջ ընկնելով՝ նշեմ, որ տարին դեռ չենք ամփոփել, ունենք ևս երկու ամիս, բայց տասը ամսվա արդյունքներով «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն արդեն կարողացել է հասնել 2026 թվականի բիզնես պլանով սահմանված նշաձողին։

– Խոսենք ապագայից։ Ի՞նչ պլաններ ունի ընկերությունը՝ գուցե ընդլայնել բիզնեսը, դուրս գալ միջազգային շուկա։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է, թե հաճախորդներին ինչ է սպասվում:

– Պլաններն իրականում շատ են։ Դրանց առաջնահերթություններն այս պահին քննարկվում են։ Կփորձեմ առանց մանրամասնելու, առանց փակագծերը բացելու խոսել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի մեկ այլ բրենդի մասին, որը կոչվում է «ՌԵԳՈ Պրեմիեր»։ Այս նախագծի շրջանակներում մենք արդեն ունենք մշակված պրոդուկտներ։ Բավականին մեծ թիմ է աշխատել նախագծի վրա: Այն նվիրված է ավելի մեծ ծածկույթով և ավելի մեծ ծավալներով ֆինանսական պաշտպանվածությանը, բայց «ՌԵԳՈ Պրեմիերի» մասին կխոսենք արդեն նախագծի գործարկման ժամանակ։ Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի 2027 թվականին։ Լիահույս եմ, որ անցած տարիների փորձառությունը կկարողանանք փոխանցել մեր հետագա գործողություններին, որպեսզի կարողանանք պահպանել այն արժեքներն ու առաքելությունը, որոնց ձգտում է ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a comment