Մելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների առնչությամբ․

 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոյին։

 

Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։

 

Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը՝ այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։

 

Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։

 

«Լավ ճանաչում եմ պարոն Դիալլոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- այս առնչությամբ ասել է ՀՖՖ նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը»։

Leave a comment