Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 111 հազար 200 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20 հազար 700-ով կամ 0,7%-ով։
Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Բնակչության աճի զգալի մասը բաժին է ընկնում Երևանին և մայրաքաղաքին հարակից մարզերին։ Միաժամանակ որոշ մարզերում արձանագրվել է բնակչության թվաքանակի նվազում, իսկ հանրապետության բնակչության փոփոխության մեջ առավել նկատելի է դարձել գյուղական բնակչության աճը։
Բնակչության աճի գրեթե մեկ երրորդը՝ Երևանում
2026 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 151 հազար 400 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6700-ով։
Այսինքն, հանրապետության մշտական բնակչության ընդհանուր 20 հազար 700 աճի 32,4%-ը բաժին է ընկել միայն Երևանին։
Բնակչության աճ է արձանագրվել նաև մայրաքաղաքին հարակից երեք մարզերում։
Կոտայքում բնակչության թվաքանակն ավելացել է 4500-ով, Արմավիրում՝ 4000-ով, իսկ Արարատում՝ 3100-ով։ Այս երեք մարզերի բնակչության աճը միասին կազմել է 11 հազար 600 մարդ՝ ապահովելով հանրապետության ընդհանուր աճի 56%-ը։
Եթե այս ցուցանիշին գումարենք նաև Երևանի բնակչության աճը, ապա կստացվի, որ մայրաքաղաքին և Կոտայքի, Արմավիրի ու Արարատի մարզերին բաժին է ընկել Հայաստանի բնակչության ընդհանուր աճի շուրջ 88,4%-ը՝ 18 հազար 300 մարդ։
2026 թվականին տասը մարզերից միայն երկուսում է նախորդ տարվա համեմատ մշտական բնակչության թվաքանակը նվազել։ Վայոց ձորում այն կրճատվել է 300-ով, իսկ Լոռիում՝ 200-ով։
Գյուղերում բնակչությունն ավելացել է 11 300-ով
2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի քաղաքային բնակչության թվաքանակը 2026 թվականի նույն ժամանակահատվածում ավելացել է 9400-ով, գյուղական բնակչության թվաքանակը՝ 11 300-ով։
Հանրապետության բնակչության տարեկան աճի շուրջ 54,6%-ը բաժին է ընկել գյուղական բնակավայրերին։
Գյուղական բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքի մարզում՝ 3100 մարդ։ Արարատի մարզում գյուղական բնակչությունն ավելացել է 2600-ով, Արմավիրում՝ 2300-ով, Արագածոտնում՝ 900-ով, իսկ Սյունիքում՝ 800-ով։
Միայն մարզերից անփոփոխ է մնացել Վայոց ձորում գյուղական բնակչության թվաքանակը։
Հատկանշական է, որ գյուղական բնակչության նվազում չի արձանագրվել Հայաստանի ոչ մի մարզում։ Քաղաքային բնակչության դեպքում պատկերը տարբերվում է։
Բացի Երևանից, քաղաքային բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրի մարզում՝ 1700 մարդ, Կոտայքում՝ 1400, Արարատում՝ 500, Սյունիքում՝ 400, իսկ Արագածոտնում՝ 100 մարդ։ Գեղարքունիքում քաղաքային բնակչության թվաքանակը մնացել է անփոփոխ։
Հինգ մարզում քաղաքային բնակչությունը նվազել է։ Առավել մեծ նվազումն արձանագրվել է Լոռու մարզում՝ 600 մարդ։ Շիրակում և Վայոց ձորում քաղաքային բնակչության թիվը կրճատվել է 300-ական, իսկ Տավուշում՝ 200 մարդ։
Առավել ուշագրավ է 2024-2026 թվականների համեմատությունը։
Այս ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչության ընդհանուր թվաքանակն ավելացել է 43 հազար 800-ով։
Ընդ որում՝ քաղաքային բնակչությունն ավելացել է ընդամենը 10 հազար 800-ով կամ շուրջ 0,5%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 33 հազարով կամ 3%-ով։
Այսինքն՝ երկու տարվա ընթացքում բնակչության ընդհանուր աճի շուրջ 75%-ը բաժին է ընկել գյուղական բնակավայրերին։
Ամենամեծ փոփոխությունը գրանցվել է Արարատի մարզում, որտեղ գյուղական բնակչության թվաքանակը երկու տարում ավելացել է 10 հազար 600-ով։ Կոտայքում գյուղական բնակչությունն աճել է 6200-ով, Արմավիրում՝ 4400-ով, իսկ Արագածոտնում՝ 3100-ով։
Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում Արարատի մարզի քաղաքային բնակչությունը նվազել է 3900-ով, իսկ Լոռու մարզինը՝ 2200-ով։ Արագածոտնում քաղաքային բնակչության նվազումը կազմել է 1300 մարդ։
2024-2026 թթ․ Հայաստանի մարզերի քաղաքային բնակչության ընդհանուր թիվը նվազել է 4300-ով։ Այդ ընթացքում Երևանում քաղաքային բնակչությունն աճել է 15 հազար 100-ով։
Հատկանշական է, որ 2022 թ. հոկտեմբերի 1-ի հրապարակված տվյալների համեմատ 2026թ. որոշ սահմանամերձ մարզերում մշտական բնակչության թվաքանակն ավելի ցածր է։
Օրինակ՝ Սյունիքում մշտական բնակչության թիվը 2026թ․ հոկտեմբերին 2022թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 300-ով կամ շուրջ 11,4%-ով։
2026թ․ հոկտեմբերին Գեղարքունիքում բնակչության թվաքանակը նվազել է շուրջ 4,7%-ով, իսկ Տավուշում՝ 1400 մարդ կամ մոտ 1,2%։
Հակառակ պատկերն է Կոտայքի մարզում, որտեղ 2026 թ. հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը ավելացել է 47 հազար 800-ով կամ 18,9%-ով։ Լոռիում բնակչության աճը կազմել է 17 հազար 300 մարդ կամ 8,2%, իսկ Արարատում՝ 14 հազար 800 կամ 5,7%։
Հարկ է հաշվի առնել, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալները հաշվարկված են 2011 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա, մինչդեռ 2026 թվականի ցուցանիշների հիմքում 2022 թվականի մարդահամարն է։
Արմստատը 2022 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա վերահաշվարկել է նաև նախորդ տարիների բնակչության որոշ ժամանակագրական շարքեր։ Սակայն վերոնշյալ համեմատությունը կատարված է համապատասխան տարիներին հրապարակված հոկտեմբերի 1-ի տեղեկագրերով, որոնց հաշվարկային հիմքերը տարբեր են։
Արցախից բռնի տեղահանությունը և Ռուսաստանից ներհոսքը
Վերջին տարիների մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև միգրացիոն երկու խոշոր իրադարձություն՝ 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո Հայաստան տեղափոխվածների ներհոսքը և 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանումը։
Այս համատեքստում կարևոր է, որ 2022–2026 թվականների հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ամենամեծ տարեկան աճն արձանագրվել է 2024 թվականին։
2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 67 հազար 400 մարդ՝ 2023 թվականին հրապարակված համապատասխան ցուցանիշից բարձր լինելով 73 հազար 600-ով։
Սակայն այստեղ ևս կա մեթոդաբանական վերապահում․ 2023 թվականի տվյալները հաշվարկված էին 2011 թվականի, իսկ 2024 թվականինը՝ 2022 թվականի մարդահամարի հիման վրա։ Ուստի՝ 73 հազար 600 տարբերությունն ամբողջությամբ չի կարելի ներկայացնել որպես մեկ տարվա փաստացի ժողովրդագրական աճ։
Այսպիսով, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը շարունակում է աճել և 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գերազանցել է 3,1 միլիոնը։ Այդ աճը հանրապետության տարածքում անհամաչափ է բաշխված։ Բնակչության թվաքանակի ավելացումը հիմնականում կենտրոնացած է Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում, մինչդեռ որոշ մարզերում արձանագրվում է նվազում։
Վերջին երկու տարում հանրապետության բնակչության ընդհանուր աճի շուրջ 75%-ը բաժին է ընկել գյուղական բնակավայրերին։ Միաժամանակ, մարզերի քաղաքային բնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է, մինչդեռ Երևանում շարունակվել է աճը։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները գնահատելիս անհարժեշտ է հաշվի առնել նաև վերջին տարիների միգրացիոն գործընթացները։
Մարիա Խաչատրյան