Իրանը պատրաստ է ընդլայնել ՀՀ–ի հետ էներգետիկ համագործակցությունը. նախարարի պաշտոնակատար

Բաժանորդագրվել

Պաշտոնյան հավաստիացրել է, որ Երևանը պատրաստ է ընդլայնել Իրանի մասնավոր հատվածի հետ համագործակցությունը էներգետիկայի տարբեր ոլորտներում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը էներգետիկայի տարբեր ոլորտներում: Այս մասին Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բորդը։

Բորդը խոսել է նավթարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության զգալի ներուժի մասին և նշել, որ իրանական գերատեսչությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակման անհրաժեշտություն չի տեսնում:

«Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման գործում Իրանի մասնավոր հատվածի մասնակցության շուրջ բանակցությունները հաջող են անցել։ Իրանական կողմը պատրաստ է քննարկել հայկական կողմի առաջարկություններն ու դիտարկումներն այդ հարցի վերաբերյալ», – նշել է Բորդը։

Նա նաև առաջարկել է դիտարկել Հայաստանի հետ գազի առևտրի նոր ուղիները։ Բորդի խոսքով՝ Իրանը պատրաստ է տեխնիկական գնահատում իրականացնել տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև առանց որևէ սահմանափակումների Հայաստան արտահանել հեղուկացված ածխաջրածնային գազ: Դրա հետ մեկտեղ իրանական կողմը կարող է աջակցել դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։

Բորդն առաջարկել է երկու կողմերի առաջարկները փոխանցել համատեղ աշխատանքային խմբի քննարկմանը՝ նախագծերի տեխնիկական մշակման և հետագա օգտագործման համար:

ՀՀ ՏԿԵ նախարարն իր հերթին նշել է, որ երկու երկրները տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման սխեմայի շրջանակում: Խուդաթյանը հստակեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ գազի և նավթամթերքի առևտրի զարգացմամբ:

Երևանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն իրանական մասնավոր հատվածի հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում։

Leave a comment