Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը

Հայաստանում առաջարկվում է ընդլայնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հիմքերը՝ հնարավորություն ստեղծելով ընկերություններին քրեական պատասխանատվության ենթարկել նույնիսկ այն դեպքերում, երբ հանցանք կատարած ֆիզիկական անձի ինքնությունը չի պարզվել։ Արդարադատության նախարարությունը մշակել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր։

Գործող օրենսդրությամբ իրավաբանական անձի վերաբերյալ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել միայն այն դեպքում, երբ հանցանք կատարած ֆիզիկական անձի նկատմամբ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս կարգավորումը խոչընդոտում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մեխանիզմի արդյունավետ կիրառմանը։ Մասնավորապես, եթե հանցանքը կատարած անձը չի բացահայտվել, թաքնվում է քննությունից կամ նրա վերաբերյալ վարույթը տարիներ է տևում, իրավաբանական անձի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը դառնում է անհնար կամ էապես ձգձգվում է։

Նախարարությունն առաջարկում է վերացնել այս սահմանափակումը՝ օրենքով ամրագրելով, որ հանցանք կատարած ֆիզիկական անձին չբացահայտելը չի բացառում իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը։

Նախագծով նախատեսվում է նաև, որ իրավաբանական անձի նկատմամբ վարույթ պետք է նախաձեռնվի քրեական պատասխանատվության հիմքերի վերաբերյալ առաջին իսկ տվյալների ի հայտ գալուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Վարույթ նախաձեռնելու պարտականությունը կվերապահվի քննիչին։

Առաջարկվում է նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ քրեական վարույթները, որպես կանոն, իրականացվեն համատեղ՝ մեկ վարույթի շրջանակում։ Առանձին քննությունը հնարավոր կլինի որոշակի բացառիկ հանգամանքներում։

Փոփոխություններով ընդլայնվում են նաև ընկերություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Մասնավորապես, պատասխանատվություն կարող է առաջանալ այն դեպքերում, երբ հանցանքը կատարել է ընկերության աշխատակից կամ ներկայացուցիչ չհանդիսացող անձը՝ ընկերության ղեկավարության կամ իրավասու այլ անձանց դրդմամբ կամ թողտվությամբ։

Քրեական պատասխանատվության հիմք կարող են դառնալ նաև ընկերության ներսում հսկողության և վերահսկողության մեխանիզմների բացակայությունը կամ դրանց ոչ պատշաճ իրականացումը, եթե դրանք հանգեցրել են հանցագործության կատարմանը կամ պայմաններ ստեղծել դրա համար։

Բացի այդ, առաջարկվում է վերացնել գործող կարգավորումը, որով իրավաբանական անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, հատուցել պատճառված վնասը և վերադարձրել հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքն ու եկամուտները։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նման հնարավորությունը կարող է խրախուսել հանցավոր վարքագիծը, քանի որ ընկերությունը կարող է հանցանք կատարելուց և բացահայտվելուց հետո վերացնել դրա հետևանքներն ու ազատվել պատասխանատվությունից։

Փոփոխություններով նախատեսվում է նաև իրավաբանական անձանց վերաբերյալ վարույթներում ընդլայնել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման, փաստաթղթերի առգրավման և գաղտնի քննչական գործողությունների իրականացման հնարավորությունները։

Արդարադատության նախարարության հիմնավորմամբ՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության արդյունավետ կիրառումը, այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և վերացնել գործող օրենսդրության այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ընկերությունների մասնակցությամբ կատարվող հանցագործությունների քննությանը։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment