«Պահեցողությունը լինում է երեք տեսակի` սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանի գրառումը. «ԱՅՍՕՐ
     1-ին օր Մեծ պահքի
     Մեծ Պահք
     Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից մինչև Ս. Զատիկ ընկած շրջանը կոչվում է Մեծ Պահք, երբ հավատացյալ ժողովուրդը զերծ մնալով մարմնական վայելքներից ու մեղքերից, ժուժկալությամբ ու ապաշխարությամբ նախապատրաստվում է Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին: Կարևոր են նկատվում թե՛ հոգևոր-բարոյական և թե՛ մարմնավոր պահեցողությունը:
     Մեծ պահքը եկեղեցական հայրերն անվանել են նաև «Քառասնորդաց»` քառասուն օրերի պատճառով: Այս պահքն անվանվում է նաև «Աղուհաց», քանի որ նախկինում Մեծ Պահքի միակ կերակուր են եղել աղն ու հացը:
     Հին և Նոր Կտակարաններում քառասնօրյա պահքի մասին բազում վկայություններ կան: Մովսեսը քառասուն օրեր շարունակ պահք պահեց և ապա ստացավ Աստծո օրենքը: Սակայն այս շրջանի հաստատումն առավելաբար կապվում է անապատում Քրիստոսի քառասնօրյա փորձության հետ, որի հետևությամբ և Եկեղեցու հայրերը սահմանեցին այս պահքը:
     Պահեցողությունը լինում է երեք տեսակի` սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքին թույլատրելի են միայն բուսական ծագում ունեցող կերակուրները: Սրբապահքի ընթացքում հրաժարվում են նաև մարմինը գիրացնող բուսական կերակուրներից: Իսկ ծոմապահության դեպքում հրաժարվում են բոլոր կերակուրներից` անգամ հացից և ջրից:
     Մեծ Պահքին եկեղեցիներում փակվում են վարագույրները` ի հիշատակ այն իրողության, որ մեղսագործությունից հետո Ադամն արտաքսվեց դրախտից և նրա առջև դռները փակվեցին»:

Leave a comment