«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթն ուղեկցվեց աղմուկով և ընդդիմադիր պատգամավորների արձագանքով։ Երբ Հակոբյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին անվանեց ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին։

Հակոբյանն ասաց, որ ընդդիմադիրները բուռն արձագանքում են Կաթողիկոսի աշխարհիկ անունը հնչեցնելուն, սակայն որևէ խնդիր չեն տեսնում նրա՝ իրենց կողմից քննադատվող գործողությունների մեջ։

«Ուզում էի ուղղակի ցույց տալ, որ մարդուն ավազանի անունով կոչելուն նրանք դմփդմփացնում են, այսինքն՝ դրա հետ համաձայն չեն: Իսկ կուսակրոնության ուխտը խախտած մարդու հետ կապված որևէ խնդիր չունեն, դրա հետ չեն դմփդմփացնում, դրա հետ հաշտ են: Հաշտ են, որ ներծծված է քաղաքականության մեջ այդ մարդը»,- ասաց Հակոբյանը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորներն ազատ են արտահայտելու իրենց մտքերը։

Դրանից հետո Հասմիկ Հակոբյանը շարունակեց ելույթը՝ մի շարք մեղադրանքներ հնչեցնելով Գարեգին Բ-ի հասցեին։ Նա Կաթողիկոսին մեղադրեց կուսակրոնության ուխտը խախտելու, քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու, կոռուպցիոներներին պաշտպանելու և Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելու մեջ։

«Կտրի՛ճ Ներսիսյան՝ ԿԳԲ-ի գործակալի եղբայր, Կտրի՛ճ Ներսիսյան՝ կուսակրոնության ուխտը խախտած, Կտրի՛ճ Ներսիսյան՝ կոռուպցիոներների պաշտպան, Կտրի՛ճ Ներսիսյան՝ հազարամյա հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած, Կտրի՛ճ Ներսիսյան՝ բոլոր քրիստոնեական արժեքները պղծած, Կտրի՛ճ Ներսիսյան՝ մեր եկեղեցին անարգող… Ու պիտի հեռանա, ինքը՝ Կտրիճ Ներսիսյանը պիտի հեռանա»,- տեղից արձագանքելով  հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հակոբյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալների և քաղաքական հետապնդումների վերաբերյալ հայտարարություններին։ Նա նշեց, որ խորհրդարանում կան տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ, որոնք որևէ քրեական գործով չեն անցնում, և հարց բարձրացրեց, թե ինչու են նրանց քաղաքական հայացքները քրեական հետապնդման պատճառ չեն դարձել։

«Այստեղ նստած են մի քանի տասնյակ ընդդիմադիր գործիչներ, որոնք որևէ գործով չեն անցնում: Կարո՞ղ է որովհետև իրենց ձեռքը չեն բռնել ընտրակաշառք բաժանելուց, կարո՞ղ է որովհետև միլիարդներով ապօրինի չեն հարստացել, դրա համար չեն հետապնդվում… Հասարակության մեջ չկա ձեր այս օրակարգը, տիկի՛ն Գալստյան»,- ասաց Հակոբյանը։

Պատգամավորը նաև ընդդիմությանը մեղադրեց մահացած գործընկերոջ անունը քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment