Քթի երկարատև փակվածությունը կարող է հանգեցնել լորձաթաղանթների գրգռման, բորբոքային գործընթացների և քնի խանգարումների։ Որոշ դեպքերում քթով շնչելու դժվարությունն ուղեկցվում է նաև զարկերակային ճնշման բարձրացմամբ։ «Մեդիցինա» ԲԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) քիթ-կոկորդ-ականջաբան Իգոր Մանևիչը Life-ին բացատրել է, թե ինչու չպետք է անտեսել այս խնդիրը և ինչու պետք է խուսափել բերանով շնչելուց։
Քթի քրոնիկ փակվածությունը կարող է բացասաբար ազդել ոչ միայն շնչառական համակարգի, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Ստիպված բերանով շնչելը խաթարում է օդի՝ թոքեր հասնելուց առաջ դրա մշակման (մաքրման, տաքացման և խոնավեցման) բնական գործընթացը, ինչը կարող է մեծացնել առողջական տարբեր խնդիրների առաջացման ռիսկը։
Նորմալ պայմաններում, երբ մարդը շնչում է քթով, օդը զտվում է փոշուց և այլ խառնուրդներից, տաքանում ու խոնավանում է։ Երբ մարդը հիմնականում շնչում է բերանով, պաշտպանական այս բնական մեխանիզմը արդյունավետ չի գործում։ Արդյունքում՝ լորձաթաղանթները կարող են չորանալ և գրգռվել։ Ըստ Մանեւիչի՝ քթի երկարատև փակվածությունը կարող է նպաստել նաև բորբոքային հիվանդությունների, օրինակ՝ նշիկների բորբոքման (տոնզիլիտի) զարգացմանը, թեև բերանով շնչելն ինքնին դրա ուղղակի պատճառը չէ։
Բացի այդ, քթով շնչելու դժվարությունը կարող է վատթարացնել քնի որակը։ Կա նաև կապ (թեև ոչ միշտ) քնի ընթացքում շնչառական դժվարությունների և զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների միջև։
Քթի երկարատև փակվածությունը կարող է պայմանավորված լինել ալերգիաներով, վիրուսային վարակներով, քթի միջնապատի ծռվածությամբ կամ քթի խոռոչում առկա գոյացություններով։ Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս ինքնուրույն զբաղվել միայն ախտանիշների վերացմամբ՝ առանց հիմնական պատճառը պարզելու․ ոչ ճիշտ բուժումը կարող է նույնիսկ վատթարացնել վիճակը։
Որպես կանխարգելիչ միջոց՝ Մանեւիչը խորհուրդ է տալիս բնակելի տարածքում պահպանել օդի մաքրությունն ու բավարար խոնավությունը։ Եթե քթի փակվածությունը պահպանվում է մեկ շաբաթ կամ ավելի, ապա հարկավոր է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի (օտոլարինգոլոգի)։
Հատկապես պետք է զգոն լինել, եթե քթից առկա են արյուն կամ թարախ պարունակող արտադրություն, ինչպես նաև նկատվում են գլխացավեր կամ ջերմության բարձրացում։ Նման ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։