Կոմիտասի պողոտայում երեք մեքենա է բախվել, կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 16-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են երեք ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարը տեղի է ունեցել ժամը 20։30-ի սահմաններում՝ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում։
Բախվել են երկու «Mercedes» և մեկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տուժածներին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։ Տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ․ ականատեսներից ոմանք հայտնել են մեկ, մյուսները՝ երկու տուժածի մասին։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, այդ թվում՝ վթարված ավտոմեքենաներից մեկի վարորդի պնդմամբ՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Այս վարկածը պաշտոնապես հաստատված չէ։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը, ինչպես նաև վթարի հանգամանքները։