Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.11.2026 | 10:25

Նոյեմբերի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են Ղրիմի կամրջի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, գրում է Meduza-ն։

Նա նաև հայտնել է, որ Ղրիմի Լենինսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։

Մոսկվայի ժամանակով կեսգիշերին մոտ կամրջով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է։ Ղրիմի բնակիչներին և զբոսաշրջիկներին խնդրել են «զերծ մնալ կամրջի ուղղությամբ ուղևորություններից»։ Վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամ ալիքները պնդում են, որ կամրջին հրթիռային հարված է հասցվել, ինչի հետևանքով վնասվել է կամրջի ավտոմոբիլային հատվածի կամարը։ Հարձակումից հետո այն հայտնվել է ջրում։

«Լուրջ վնասների» մասին գրում են նաև ռուսաստանցի ռազմական թղթակիցները։ Z-բլոգեր Բորիս Ռոժինը պնդում է, որ փլուզվել են կամրջի մի թևը և ավտոմոբիլային հատվածի կամարը։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Ղրիմի կամրջին հարվածել են FP-5 «Ֆլամինգո» հրթիռով։

Ուկրաինան նախկինում ևս փորձել է հարձակվել Ղրիմի կամրջի վրա, որը Կիևում համարում են օրինական ռազմական թիրախ։ Հերթական անգամ կամուրջը (երկարատև դադարից հետո առաջին անգամ) հարձակման էր ենթարկվել նախորդ օրը։ Դրա վրայով երթևեկությունը դադարեցվել էր գրեթե մի ամբողջ օրով։ Ըստ Mash ալիքի՝ հարձակման հետևանքով վնասվել է կամրջի կամարներից մեկը, սակայն Ռուսաստանի իշխանությունները դա չեն հաստատել, իսկ Կրեմլում կամրջին հասցված վնասն «աննշան» են անվանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment