Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը․ Աշոտյան

Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին իմ նախորդ թեմատիկ հրապարակմանը, կիսվեցին իրենց մտորումներով, դիտարկումներով ու կառուցողական քննադատությամբ։ Այդ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հանրային դաշտում կա խորը, իմաստավորված ու արժեքային խոսակցության սուր պահանջարկ, և որ մեր հասարակությունը հոգնել է պարզունակ կարգախոսներից ու փոխադարձ մեղադրանքներից։

Նախորդ հոդվածում մենք արձանագրեցինք մի պարզ, բայց դառը ճշմարտություն. ատելության վրա կառուցված վարչակարգին հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը տանում է դեպի փակուղի։ Երբ ընդդիմադիր դաշտը սահմանափակվում է «Անտի-Նիկոլ» ռեակտիվ կարգախոսով, այն կամա թե ակամա ընդունում է գործող իշխանության խաղի կանոնները՝ սնուցելով թշնամանքի այն նույն մթնոլորտը, որն այս ռեժիմի ինքնավերարտադրության միակ վառելիքն է։

Վաղուց ժամանակն է «Անտի-Նիկոլ» կոնցեպտից անցում կատարել «Պոստ Նիկոլ» կոնցեպտի, ինչի փորձը համապատասխան հոդվածաշարով արել էի դեռևս առաջին կալանքի ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Սակայն «նվիրվածության» (devotion) քաղաքականության անցնելու համար բավարար չէ միայն բարի ցանկությունը. մեզ անհրաժեշտ է խորքային ախտորոշում, թե ինչպես է գործող իշխանությունը կազմաքանդում պետականության հիմքերը, և հստակ, բարոյական ու ինստիտուցիոնալ այլընտրանք, որն ընդդիմությունը պարտավոր է առաջադրել։

Այսօր Հայաստանում տեղի ունեցողը զուտ կառավարչական անգրագիտության կամ տակտիկական սխալների հետևանք չէ. մենք գործ ունենք նպատակաուղղված արժեքային դեկոնստրուկցիայի հետ։ Ժամանակակից բարոյական փիլիսոփայությունն ու սոցիալական հոգեբանությունը հստակ ցույց են տալիս, որ հասարակական ամենախորը բևեռացումներն առաջանում են այն ժամանակ, երբ բախվում են աշխարհայացքային երկու բևեռներ՝ անսակարկելի արժեքների վրա հիմնված պետական մտածողությունը և իրավիճակային անսզբունքայնությունը։

Գործող ռեժիմը Հայաստանում ներդրել է ծայրահեղ իրավիճակային անսկզբունքայնության մոդել, որտեղ միտումնավոր ջնջվում են բոլոր կարմիր գծերը։ Երբ ազգային խորհրդանիշները, պատմական հիշողությունն ու Արցախը հայտարարվում են «խանգարող միֆեր» և հակադրվում են այսպես կոչված «Իրական Հայաստանին», պետությունը դադարում է լինել ազգի պաշտպանիչ պատյանը։

Այն վերածվում է սոսկ սոցիալական ծառայություններ մատուցող անդեմ «օպերատորի», որտեղ քաղաքացին ընկալվում է միայն որպես հարկատու սպառող, իսկ հայրենասիրությունն ու արտագաղթի բարոյական արգելքներն այլևս չեն գործում։

Այս համակարգում ծանրագույն կորուստներն ու միակողմանի զիջումները մատուցվում են որպես «կոնտեքստից բխող անխուսափելիություն»՝ փորձելով վերացնել քաղաքական պատասխանատվության էթիկան, բթացնել հանրության մեջ հավաքական ամոթի և պատվի զգացումը, իսկ «քաղաքական ազգը» վերածել անտարբեր «բնակչության»։

Այս կործանարար քաղաքականությանը հակադրվելու համար ընդդիմությունը պետք է առաջարկի ոչ թե էմոցիոնալ մերժում, այլ համակարգային ու բարոյական այլընտրանք՝ հիմնված մի քանի առանցքային ուղղությունների վրա։

Նախևառաջ, անհրաժեշտ է վերակառուցել Պետության և Քաղաքացու միջև բարոյական պայմանագիրը՝ վերականգնելով Հայրենիքի և Պետության օրգանական միասնությունը։ «Անհայրենիք Պետության» փաշինյանական մոդելը ոչ միայն մերժելի է, այլև անխուսափելիորեն բերելու է «Անպետություն Հայրենիք» իրավիճակի։

Գործող իշխանության «կադաստրային» մտածողությանը և սպառողական «օպերատորի» մոդելին մենք պետք է հակադրենք քաղաքացիության՝ որպես ընդհանուր ճակատագրի, պատմական հիշողության և սերունդների առջև պատասխանատվության բարոյական ուխտի գաղափարը։

Երկրորդ, անհրաժեշտ է քաղաքական դաշտ վերադարձնել պատասխանատվության էթիկան. ցանկացած արտաքին ճնշում կամ «բարդ կոնտեքստ» չի կարող արդարացնել պետական շահի հանձնումը, և ղեկավարները կրում են ուղղակի բարոյական ու պատմական պատասխանատվություն իրենց որոշումների համար։

Այս հենքի վրա պետք է կառուցվի իրական ինքնիշխանության և զսպման ռազմավարությունը՝ պաշտպանական համակարգի վերակառուցմամբ, ռազմարդյունաբերության զարգացմամբ, հավասարակշռված բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ և արցախահայության հավաքական իրավունքների ու կազմակերպված սուբյեկտայնության պետական պաշտպանությամբ։

Երրորդ, իշխանության կողմից իրականացվող սոցիալական ինժեներիային պետք է հակադրել մշակութային ու կրթական վերածնունդը՝ բուժելով հանրության արժեքային վերքերը։ Պետությունը պարտավոր է կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու, կրթական համակարգի և պատմական հիշողության կողքին՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես անցյալի բեռ, այլ որպես ազգային դիմադրողականության հիմնասյուներ։

Կրթությունը պետք է ազատագրվի քաղաքական կոնյունկտուրայից և համադրի ժամանակակից տեխնոլոգիական մրցունակությունը խորը մշակութային ու արժեքային գրագիտության հետ. երիտասարդ սերունդը նախ պետք է գիտակցի սեփական ինքնության արժեքը, որպեսզի պատրաստ լինի պաշտպանել այն։ «Ժամանակակից Հայ» ՝ սա պիտի դառնա ոչ միայն կրթության, այլև ողջ պետության գերնպատակը։ Եւ այդ բանաձևի մեջ նույնքան կարևոր է «Հայը», որքան «Ժամանակակիցը»։

Չորրորդ, առողջ հավաքական ամոթի վերականգնում՝ հակադրելով այն պետական մակարդակով քարոզվող ագրեսիվ սպառողականությանն ու ցինիզմին։ Իսկ քաղաքացիական պատվի միջոցով հարկ է մերժել ազգային նվաստացման նորմալացումը։

Հինգերորդ, մենք պետք է արմատապես փոխենք քաղաքական վարքագծի էթիկան և ներքաղաքական հաղորդակցությունը՝ կոտրելով հանրությանը պարտադրված «ով էլ գա, նույնն է լինելու» ֆատալիզմը։

Ընդդիմության բարոյական կապիտալը ձևավորվում է այն ժամանակ, երբ քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտում առաջնորդվում են նույն անսակարկելի սկզբունքներով, որոնք խոստանում են կիրառել իշխանության գալուց հետո։

Վեցերորդ, «նվիրվածության» քաղաքականությունը պահանջում է համերաշխություն կամ կարեկցանք՝ առանց ճշմարտության հետ փոխզիջման կամ խղճի հետ գործարքների։ Մենք պետք է հրաժարվենք շարքային քաղաքացիներին պիտակավորելու պրակտիկայից՝ հստակ տարանջատելով մոլորեցնող քաղաքական վերնախավը և խաղաղության ու բարեկեցության ձգտող մեր մոլորվող հայրենակիցներին։

Հասարակության հոգսերին ու տնտեսական անհանգստություններին անկեղծ ուշադրությամբ արձագանքելը կզինաթափի ռեժիմի «սևերի ու սպիտակների» պառակտիչ քարոզչությունը և կապացուցի, որ ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը կայուն բարեկեցության միակ երաշխիքն են։

Յոթերորդ, ռեժիմի շահագործած վախի մթնոլորտին պետք է հակադրել համերաշխության արդարադատության և ազգային հաշտեցման ինստիտուցիոնալ երաշխիքներ։

Գործող իշխանությունը պահում է իր վերահսկողությունը՝ հասարակության մի հատվածին ներշնչելով, թե իշխանափոխությունը կբերի քաղաքական վենդետաների և քաոսի։ Ապագա պետականաշինության հիմքում պետք է դրվի բացառապես օրենքի գերակայությունը. հետռեժիմային արդարադատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես քաղաքական վրեժխնդրություն, այլ որպես բարոյական մաքրագործում (կատարսիս)՝ անկախ հանրային հանձնաժողովների և արդար դատաքննության միջոցով բացահայտելով աղետալի որոշումների իրական պատճառներն ու ապահովելով իրավական պատասխանատվություն։

Ավելին՝ ժամանակն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, մտավորականությունը, սփյուռքի կառույցներն ու քաղաքացիական նախաձեռնությունները միավորվեն «Ազգային համերաշխության և բարոյականության կոնսենսուս» գաղափարի շուրջ՝ հնարավորինս ամրագրելով վերկուսակցական, անսակարկելի ազգային կարմիր գծերը (ինքնիշխանություն, մշակութային ժառանգություն, Արցախի իրավունքներ, պետական ինստիտուտների անկախություն և այլն)։ Նման համազգային կոնսենսուսի օրինակ կարող է լինել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որ ընդունվել և հրապարակվել է 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից։

Պետության հարատևությունը պահանջում է հավասարակշռություն սառը իրատեսության և անսակարկելի բարոյական սկզբունքների միջև։ Երբ ընդդիմությունը կարողանա ատելության և իրավիճակային անսկզբունքայնության այս հորձանուտին հակադրել արարող պետական ծրագիր, արժեքային հստակություն և իրական համերաշխություն, հասարակությունը կրկին կվերագտնի իրեն՝ որպես սեփական ճակատագիրը տնօրինող քաղաքական ազգ։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Leave a comment