Քաղաքականություն
16.11.2026 | 19:20
Նոյեմբերի 29-ին Սպիտակ համայնքում կայանալիք ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։ Ցուցակի 23-րդ հորիզոնականում նրա որդին է՝ Գոռ Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների համար պարտադիր է գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը։
Factor TV-ն պարզել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում թե՛ Քաջայր Նիկողոսյանի, թե՛ նրա որդու՝ Գոռ Նիկողոսյանի անվան տակ հրապարակված է նույն՝ Քաջայր Նիկողոսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Նշենք, որ ԿԸՀ կայքում համապատասխան տվյալները լրացնում են հենց թեկնածուները։
Մեր տեղեկություններով՝ ԿԸՀ-ն դեռևս նոյեմբերի 13-ին Գոռ Նիկողոսյանին տեղեկացրել է սխալի մասին, սակայն կրտսեր Նիկողոսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը հանձնաժողովի կայքում մինչ այս պահը հասանելի չէ։
Նշենք, որ օրենսդրությամբ թեկնածուի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ 50-100 հազար դրամ տուգանքի տեսքով։
Տուգանքը նշանակվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, որից հետո թեկնածուին ժամկետ է տրամադրվում խախտումը վերացնելու համար։
Հիշեցնենք՝ Թիվ 22 Ընտրատարածքային հանձնաժողովը նոյեմբերի 13-ին որոշել է ակնհայտ քաղաքական հետապնդման և վարչական ռեսուրսի չարաշահման հիմքով դիմել դատարան՝ Սպիտակի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար։
Եվգենյա Համբարձումյան