Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը

Քաղաքականություն

16.11.2026 | 18:35

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 16-ին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ։ Վարդևանյանն անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին՝ նշելով, որ դրանում մտահոգիչ են համարվել նախընտրական շրջանում ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացված ընտրովի քրեական հետապնդումները։ Նրա գնահատմամբ՝ այդ հետապնդումները շարունակվում են մինչ օրս։

ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։

Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը։ Նրա խոսքով կառույցին Հայաստանի անդամակցության 25 տարիների ընթացքում, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի հանձնաժողովն առանցքային նշանակություն են ունեցել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում։

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրավունքի գերակայության և ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերներին։ Պատգամավորը բարձրաձայնել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած զեկույցը, որում, ըստ Արամ Վարդևանյանի, մտահոգիչ է համարվել նախընտրական շրջանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ընտրովի քրեական հետապնդումների կիրառումը, որոնք, իր կարծիքով, մինչ օրս շարունակական են։

Կողմերը խոսել են նաև Հայաստան-ԵԽ գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ու համագործակցության ընթացիկ ծրագրերի մասին։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ։

Leave a comment