Արգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա․Ա․-ի (Արգամ Աբրահամյանի` խմբ․) նկատմամբ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։ Նա մեղադրվում է 2023 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած սպանությունը պատվիրելու մեջ։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում վերոնշյալ ենթադրյալ հանցանքի կատարման համար Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը): Վերջինս կալանավորված է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ս.Վ.-ին կյանքից զրկած Գ.Հ.-ի կալանավորումից կարճ ժամանակ անց վերջինիս ընտանիքի ապրելակերպն ու ֆինանսական դրությունն էականորեն բարելավվել է, այդ թվում՝ ձեռք են բերվել և ներկայումս առկա են 3 թանկարժեք տրանսպորտային միջոց այն դեպքում, երբ ընտանիքի կերակրողը եղել է կալանավորված, իսկ մյուս անդամները եկամուտ գրեթե չեն ունեցել:

Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), իսկ 2024 թվականի ապրիլին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Leave a comment