«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի «Նոյ» կոնյակի գործարանի հերթապահի հաստիքը զբաղեցնող 15 աշխատակիցներ ծանուցումներ են ստացել աշխատանքային պայմանագրերը հաստիքների կրճատման հիմքով լուծելու վերաբերյալ։ Աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ նշելով, որ գործարանում աշխատել են 10 և ավելի տարիներ, սակայն իրենց կրճատման պատճառները շարունակում են անհասկանալի մնալ։

Գործարանի նախկին աշխատակից Գերասիմ Գասպարյանն ասաց, որ կրճատման վերաբերյալ ծանուցումները ստացել են սեպտեմբերի 10-ին, իսկ օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը լրացել է նոյեմբերի 10-ին։

Նա նշեց, որ ծանուցումներում որպես աշխատանքային պայմանագրերի լուծման պատճառ նշվել է իրենց զբաղեցրած հերթապահի հաստիքի կրճատումը, սակայն իրենց համար անհասկանալի է, թե ինչու են այդ հաստիքները կրճատվել, եթե հետագայում նույն աշխատանքը հանձնարարվել է մեկ այլ կազմակերպության։

«Ծանուցման մեջ նշված է, որ կրճատումը զբաղեցրած հաստիքի պատճառով է, որ մենք զբաղեցրել ենք այնտեղ հերթապահի հաստիք։ Մեզ համար ուղղակի անհասկանալի են այդ կրճատման հիմունքները, քանի որ մեզ կրճատելուց հետո նույն հաստիքները այլ կազմակերպության աշխատակիցներով լրացվել են»,- ասաց Գասպարյանը։

Նա անդրադարձավ նաև աշխատանքը կորցնելու հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ տարիներ շարունակ նույն գործարանում աշխատելուց հետո նոր աշխատանք գտնելը դժվարացել է։

Գասպարյանը հայտնեց, որ նոյեմբերի 11-ին աշխատակիցները դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ վարչապետին, վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ ակնկալելով խնդրի արդարացի լուծում։

Նա ընդգծեց, որ կրճատման հետևանքները վերաբերում են ոչ միայն 15 աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքներին ու երեխաներին։

«Մենք խնդրում ենք Կառավարությանը նաև, որ այս հարցին պատշաճ լուծում տա, քանի որ այստեղ հարցը միայն 15 աշխատողների մասին չէ, խոսքը նաև նրանց ընտանիքների, նրանց երեխաների մասին է»,- նշեց նա։

Գասպարյանն անդրադարձավ նաև պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ դիմում-բողոքում ներկայացված չեն իրավիճակի վերաբերյալ բոլոր մանրամասները։

«Նաև ակնկալում ենք Կառավարությունից, վարչապետի աշխատակազմից հանդիպում, քանի որ այն, ինչ որ գրված է մեր դիմում-բողոքի մեջ՝ բոլոր փաստերը չեն․ կուզենայինք հանդիպում, թեկուզ փակ դռների ետևում իրենց հետ խոսեինք, ավելի մանրամասն ներկայացնեինք իրավիճակը»,- ասաց նա։

Աշխատակիցները նշեցին, որ իրենց դիմում-բողոքին դեռևս որևէ պաշտոնական պատասխան կամ արձագանք չեն ստացել։ Նրանք ակնկալում են, որ պատկան մարմինները կուսումնասիրեն կրճատումների հանգամանքները և խնդրին արդարացի լուծում կտան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment