Քաղաքականություն
16.11.2026 | 16:15
Ռուսաստանը հերքում է Էստոնիայի մեղադրանքները դիվերսիաներին իր առնչության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Նման մեղադրանքներ մենք լսում ենք ոչ միայն Տալլինից, այլև եվրոպական այլ մայրաքաղաքներից։ Այդ բոլոր հայտարարությունները որևէ հիմք չունեն, հիմնավորված չեն որևէ փաստարկով կամ ապացույցով։ Դրանք բացարձակապես անհիմն են»,- ասել է նա։
Պեսկովը մեկնաբանել է նաև Ռուսաստանի հետ սահմանը փակելու՝ Էստոնիայի ծրագրերը։
«Դե ինչ, Էստոնիան պատ է կառուցում։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ շատ երկրներ են պատեր կառուցել, որոնք այդ պատերի հեղինակներին ոչ մի լավ բան չեն բերել»,- նշել է նա։
Նախօրեին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը կփակվեն դեկտեմբերի 1-ին։ Կառավարությունը կարող է այդ մասին որոշում ընդունել ուրբաթ։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փորձ է արվել հրկիզել Threod Systems ընկերության շենքը, որն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Նոյեմբերի լույս 14-ի գիշերը Տալլինից հյուսիս գտնվող Վիմսիում հարձակվողները, ըստ Էստոնիայի Ներքին անվտանգության ծառայության տվյալների, փորձել են կոտրել շենքի պատուհանները և ներս լցնել դյուրավառ հեղուկ։
Էստոնիայի հակահետախուզությունը կարծում է, որ հարձակման փորձը համակարգել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ ԳՌՈՒ-ն։ Ձերբակալվել է ութ մարդ։ Էստոնական լրատվամիջոցները նրանց ներկայացնում են որպես Լատվիայի բնակիչներ, իսկ լատվիականները՝ որպես երկրի քաղաքացիներ։ Լատվիական LETA գործակալության տվյալներով՝ Էստոնիային նախապատրաստվող դիվերսիայի մասին նախազգուշացրել է Լատվիայի Պետական անվտանգության ծառայությունը, որը նույնպես մասնակցում է հետաքննությանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի