Երևանի «Նոյ» կոնյակի կոմբինատի նախկին աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

Երևանի «Արարատ» («Նոյ») կոնյակի-գինու-օղու կոմբինատի 15 արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններում։

Լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակիցներից Գերասիմ Գասպարյանը նշել է, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստացել են սեպտեմբերի 10-ին, որով իրենց 2 ամիս ժամանակ է տրվել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մեզ տրվել է մի ծանուցում, որ բոլորս կրճատման հիմունքներով ազատված ենք գործից՝ մեզ համար անհասկանալի պատճառներով»,- նշել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ հաստիքների կրճատումը հիմնավոր չէ, քանի որ իրենց հեռացումից հետո այլ աշխատակիցների են ընդունել։

Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ երբ նոր կառավարիչները եկել էին, իրենց ոսկե սարեր էին խոստանում, բայց եղավ լրիվ հակառակը։

«Առաջին հանդիպումն այն էր, որ «դիմում գրի, գործից ազատվի»։ Ես հարցրեցի՝ ինչի՞ համար, 16 տարի աշխատել եմ։ Ասեցին՝ ֆոնդի կրճատում է, աշխատողների կրճատում․․․ Բանից պարզվեց՝ հաստիքների կրճատում չի, անձնավորված է։ Բոլորիս գործից հանում են, մեր տեղը բերում են ինչ-որ «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցների․․․ Նոյեմբերի կեսն ա, ձմեռ ա դեմը։ Մեկը հիվանդ մայր ունի, մեկը հիփոթեք ունի, պատերազմի մասնակից ունենք ստեղ, ոչ մի բան հաշվի չառան»,- նշել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթ հենց անվտանգության աշխատակիցներն են թիրախավորվել։

Արդեն նախկին աշխատակիցները դիմում-բողոքներ են ուղղել կառավարություն և տեսչական մարմին։ 15 աշխատակից հույս ունի հանդիպում ունենալ կառավարության որևէ ներկայացուցչի հետ, սակայն պարզվել է, որ այսօր նրանց ոչ ոք չի ընդունելու։ Դիմում-բողոքը զեկուցման փուլում է, խոստացել են նոյեմբերի 17-ին մինչև կեսօր պատասխան տալ։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն․ ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Օգոստոսին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։

Սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց «Մուլտի կոնցեռնի»՝ պետության կառավարմանը հանձնված ընկերություններում զանգվածային կրճատումների մասին։

Leave a comment