Փոխքաղաքապետը հերքել է մարզերից Երևան մեքենաների մուտքի սահմանափակման լուրերը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հերքել է այն պնդումները, թե քաղաքապետարանը նախատեսում է արգելել մարզերից մայրաքաղաք մուտք գործող մեքենաների տեղաշարժը։ Նրա խոսքով՝ քննարկվող առաջարկը ոչ թե մարզերից Երևան մուտք գործող մեքենաների համար արգելք սահմանելն է, այլ քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություն տալը։

Սուրեն Գրիգորյանը շեշտել է, որ խոսքը հնարավորության, այլ ոչ թե պարտադրանքի մասին է, հայտնում է Արմենպրեսը:

Հարցին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հնարավոր սահմանափակումները վերաբերելու են ոչ թե վարորդների բնակության վայրին, այլ մեքենաների տեսակին՝ կախված դրանց արտանետումների ծավալից և մարդու առողջությանը հասցվող վնասից։

«Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և դրա տեսակին, մարդու բնակության հասցեն բացարձակապես կապ չի ունենալու դրա հետ»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը միաժամանակ կարևորել է նախատեսվող փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը։

Ավինյանը ժխտել է, որ նոր շենքերն ու շինթույտվություններն ազդում են երթևեկության վրա։

«Շենքերը չեն, որ բերում են շարժունակության և նոր շենքերը չեն, որ բերում են նոր մարդկանց։ Նոր մարդիկ մեծամասամբ տեղափոխվում են պատերազմի պատճառով, որը տեղի է ունենում հյուսիսում, և ԼՂ-ից տեղահանված հազարավոր ընտանիքներ, որոնք այսօր ապրում են Երևանում»,-հայտարարել է Ավինյանը:

Leave a comment