Մոտ ապագայում կարող է կայանալ առաջին հանդիպումը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ (ով նաև արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն է) Գիորգի Զուրաբաշվիլիի և նրա ռուս գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի միջև․ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս մակարդակով վրաց-ռուսական շփումները ակտիվորեն կշարունակվեն։ Քննարկումները կընդգրկեն այս ձևաչափին առնչվող բոլոր հարցերը», – լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ «շատ շուտով՝ հնարավոր է ոչ Թբիլիսիում կամ Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք շփման այս ձևաչափի վերականգնումը կարող է նշանավորել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլ, Կոբախիձեն նշել է, որ նման քայլի համար գոյություն ունի «բնական խոչընդոտ»․ «Ռուսաստանի կողմից երկու օկուպացված տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելը… և, հետևաբար, այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվելու»։