Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության խցանումների նվազեցմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրմանը և Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ վերջին 12 տարիների ընթացքում Հայաստանում ավտոմեքենաների թիվը կրկնապատկվել է՝ 500 հազարից հասնելով 1 միլիոնի։ Նա նշեց, որ միայն Երևանում տարեկան ավելանում է շուրջ 15 հազար ավտոմեքենա։
Գրիգորյանն անդրադարձավ նաև արգելված վայրերում կայանված մեքենաների խնդրին։ Նրա խոսքով՝ երթևեկելի գոտում ապօրինի կայանված նույնիսկ մեկ ավտոմեքենան կարող է էապես սահմանափակել կամ ամբողջությամբ փակել տվյալ գոտով երթևեկությունը։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ նախորդ շաբաթ համայնքային ավտոկայանատեղիների տեսախցիկներով արձանագրված խախտումների առաջին 20 տեսանյութերն արդեն փոխանցվել են ՆԳՆ-ին, որոնց հիման վրա վարորդները կտուգանվեն։
Գրիգորյանն ասաց, որ ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ նախատեսում են աստիճանաբար ավելացնել փոխանցվող տեսանյութերի քանակը՝ 20-ից հասցնելով 40-ի և ավելիի։ Նա նշեց, որ աշխատանքները շարունակվելու են մինչև ապօրինի կայանումների խնդրի վերացումը։
Խորհրդակցության ընթացքում Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ներկայացուցիչն էլ խոսեց երթևեկության կառավարման նոր գործիքների մասին։ Նա ներկայացրեց Parking City Service-ի տեսախցիկների տվյալների հիման վրա մշակված միկրոսիմուլյացիոն առաջին գործիքը։
Կոմիտասի պողոտայի խաչմերուկներում տեսահոսքերի վերլուծության միջոցով ուսումնասիրվում են ավտոմեքենաների կուտակումները, երթևեկության հոսքերը և լուսացույցերի աշխատանքային ցիկլերը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին անդրադարձավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեմ պայքարին։ Նա ասաց, որ համայնքային տեսախցիկների ցանցը պետք է առաջին հերթին օգտագործել այն խախտումները հայտնաբերելու համար, որոնք էականորեն խոչընդոտում են երթևեկությանը։
Ավինյանը նշեց, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հատկապես խաչմերուկները փակող և խաչմերուկների հարակից հատվածներում ապօրինի կայանող վարորդների վրա։
Քաղաքապետն ընդգծեց, որ պետք է առանձնացնել երթևեկության հոսքի վրա էական ազդեցություն ունեցող իրավախախտումները և դրանց համար խիստ պատժամիջոցներ կիրառել։ Նրա խոսքով՝ այդ կերպ հնարավոր կլինի աստիճանաբար փոխել մայրաքաղաքում վարման մշակույթը և վերացնել երթևեկությունը խաթարող խախտումները։
Ավինյանը խոսեց նաև ապօրինի կայանված ավտոմեքենաների տեղափոխման համար նախատեսված քարշակների թվի ավելացման և հանրային տրանսպորտի առանձնացված երթևեկության գոտիների ընդլայնման անհրաժեշտության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան