Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է

Կայացել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հեթական հաշվետու-ընտրական ժողովը, որի հայտավորված 107 պատվիրակներից նիստին մասնակցել և իրենց մանդատները ստացել են 96 պատվիրակներ։ Ժողովի օրակարգի հարցերից էր ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սահմանված ժամկետում և կարգով առաջադրվել էին և ներկայացրել իրենց քառամյա զարգացման ծրագրերը ֆեդերացիայի նախագահի 2 թեկնածուներ՝ գործող նախագահ Վարդան Ոսկանյանը և Արեգ Ավետիսյանը։ Ֆեդերացիայի բարձրագույն կառավարման մարմինը՝ ժողովը, ղեկավարվելով ֆեդերացիայի կանոնադրությամբ միաձայն որոշել է նախագահի ընտրությունները կազմակերպել փակ, գաղտնի քվեարկությամբ, որի համար ընտրվել է հաշվիչ հանձնաժողով։

Ֆեդերացիայի նախագահի թեկնածուները ներկայացրել են իրենց զարգացման ծրագրերը, յուրաքանչյուր ծրագրից հետո հնչել են հարցեր և տրվել են պատասխանները, մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող խնդիրները։

Կազմակերպվել է փակ, գաղտնի քվեարկություն, որին մասնակցել են ժողովին գրանցված 96 պատվիրակներից 90-ը։ Ֆեդերացիայի ժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ (Վարդան Ոսկանյան-78 կողմ ձայն, Արեգ Ավետիսյան-10 կողմ ձայն, 2 անվավեր քվեաթերթիկ) նախագահ է վերընտրել Վարդան Ոսկանյանին։

Ժողովն ընտրել է նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Թաթուլ Հովհաննիսյանին։

Leave a comment