Աշխատատեղերի թվի ավելացման շնորհիվ մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և մեքենաներ գնում․ Ավինյան

Երևանում ավտոմեքենաների թվի աճը պայմանավորված է ՀՀ տնտեսության, ՀՆԱ-ի և աշխատատեղերի թվի աճով, ասել է Ավինյանը


ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում ավտոմեքենաների թվի աճը պայմանավորված է ՀՀ տնտեսության, ՀՆԱ-ի և աշխատատեղերի թվի աճով, ինչի արդյունքում մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և ավտոմեքենաներ գնում։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։


«Երևանում ավտոմեքենաներն ավելացել են էքսպոնենցիալ տեմպով, և մեկ պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո, գնում են մեքենա», – ասել է Ավինյանը։


Անդրադառնալով շենքերի կառուցման և շինարարության թույլտվությունների ազդեցությանը երթևեկության վրա՝ քաղաքապետը նշել է, որ այդ կապը միանշանակ չէ։


«Ոչ, դրա պատասխանը միանշանակ ոչ է։ Կառուցվող շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են, գումար վաստակում ու գնում են նոր ավտոմեքենա և, միգուցե, իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր կառուցված շենք, որն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի», – նշել է Ավինյանը։


Leave a comment