Քաղաքականություն
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը («Մոսադ») ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) տեղեկություններ է փոխանցել այն մասին, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերի միջոցով մահափորձ իրականացնել Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի անդամների դեմ։ Այս մասին հայտնել են իսրայելական «Հայոմ» (Hayom) թերթի աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան հետախուզությունն արդեն տեղյակ էր Իրանի կողմից եկող սպառնալիքների մասին և դիմել էր «Մոսադին»՝ խնդրելով ստուգել նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ տեղեկությունները։
Իսրայելը հետախուզական տվյալներ է ստացել վերջին շրջանում ի հայտ եկած կոնկրետ սպառնալիքների, այդ թվում՝ պայթուցիկ նյութերով լիցքավորված անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարձակումների մասին։ Ինչպես գրում է «Հայոմը», այդ տեղեկությունները հաստատվել են նաև արևմտյան մեկ այլ հատուկ ծառայության կողմից։
Աղբյուրների խոսքով՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների դեմ հարձակում իրականացնելու Իրանի մտադրությունը դարձել է Թեհրանի հետ բանակցությունների հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման վերջին փոփոխության հիմնական պատճառներից մեկը։
Թրամփի վարչակազմում Իրանի դեմ պատերազմի հարցով տարաձայնություններ կան, ավելի վաղ հայտնել էին The Wall Street Journal-ի աղբյուրները։ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո, որոնց արդյունքում հանրապետականները Կոնգրեսում մեծամասնությունը զիջել են դեմոկրատներին, Իրանի դեմ պատերազմի թեմային առաջիններից մեկն անդրադարձել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այն համարելով պարտության պատճառ։
Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կոչ են անում նոր հարվածներ հասցնել Իրանին, ապա ձգտել խաղաղության հաստատմանը։ Մյուսները կարծում են, որ Թրամփը պետք է համակերպվի կրած կորուստների հետ և դադարեցնի պատերազմը։
Ինքը՝ Թրամփը, իր վերջին հայտարարություններից մեկում ասել է, որ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք «պետք չէ»։ Իսկ Ջեյ Դի Վենսին նա խնդրել է «իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել լայնածավալ կոռուպցիայի և հանցավորության վրա, որոնք առկա են ԱՄՆ ամբողջ տարածքում դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում և նահանգներում»։