Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկրորդ խոշոր հաշվով պարտությունը կրեց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլում, որի 10-րդ խմբի խաղերն անցկացվում են Հայաստանում:
Երկրորդ տուրում հայ ֆուտբոլիստները մրցեցին Իտալիայի Մ-17 հավաքականի հետ ու պարտվեցին 0:4 հաշվով: Իտալացիները երկուական գոլ խփեցին խաղակեսերից յուրաքանչյուրում։ Մեկական անգամ աչքի ընկան Ֆորչուն Էգարևբան, Պիետրո Սալվաին, Միկելե Էլենան և Գաբրիելե Բորսան։
Առաջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 4 անպատասխան գոլ էր բաց թողել Ֆրանսիայի Մ-17 հավաքականից:
Նոյեմբերի 17-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Լյուքսեմբուրգի թիմի հետ:
Վերջին տուրից առաջ Ֆրանսիան և Իտալիան հավաքել են 6-ական միավոր, իսկ Հայաստանն ու Լյուքսեմբուրգը միավոր չունեն։