Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է մի շարք դրույթներ (PAN.am)

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում շարունակվել են նոր Սահմանադրության դրույթների քննարկումները։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Շարունակվել են Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։

«Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները»,- գրել է Սրբուհի Գալյանը։

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարարը հայտնել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստի հրապարակումը նախատեսված է նոյեմբեր ամսին։

Leave a comment