Քաղաքականություն
13.11.2026 | 18:51
Starlink-ի ռազմական Starshield ծառայության արագությունը շարունակում է սահմանափակված մնալ Ուկրաինայի ամբողջ ճակատային գծի երկայնքով և օկուպացված տարածքներում՝ ժամում 161 կիլոմետրի մակարդակում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մինչ այժմ հստակ բացատրություններ չկան։ Հանձնարարել եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը և պաշտպանության նախարարին ավելի ակտիվ կապեր հաստատել ԱՄՆ Պետքարտուղարության, Պենտագոնի և SpaceX ընկերության հետ՝ պարզաբանումներ ստանալու և իրավիճակը շտկելու համար»,- հավելել է Զելենսկին։
Արագության սահմանափակման պատճառով Ուկրաինայի զինված ուժերը, մասնավորապես, չեն կարողանում որսալ ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը։
Starshield-ի աշխատանքում արագության սահմանափակումների կրկին ի հայտ գալու մասին Զելենսկին հայտնել էր նախորդ օրը։ Դրանից առաջ՝ հոկտեմբերի կեսերին, Ուկրաինայում ծառայության աշխատանքը դանդաղեցվել էր՝ ամերիկյան իշխանությունների դժգոհության ֆոնին՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հասցրած հարվածների կապակցությամբ։
Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը պատասխանատվություն չեն ստանձնել արագության սահմանափակումների համար։ Շուրջ երկու շաբաթ անց Starshield-ի արագությունը վերականգնվել էր։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի