Նոյեմբերի 13-ին թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել դատական կարգով վիճարկելու Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գրանցումը։
Դատարան դիմելու որոշման հիմքում դրվել են քաղաքական հետապնդման և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ արձանագրված հանգամանքները, հայտնում է Factor.am-ը:
Ըստ հանձնաժողովի որոշման՝ իրականացված վարչական վարույթի արդյունքում ընտրական մարմինը եզրակացրել է, որ Քաջայր Նիկողոսյանի գործողություններում առկա են ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ։
Հանձնաժողովը համայնքի ղեկավարի գործողությունները գնահատել է որպես ոչ իրավաչափ՝ իր որոշման մեջ արձանագրելով. «…Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փաստում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գործողությունները հանգեցրել են ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման, ինչը հիմնավորվել է սույն վարչական վարույթի շրջանակներում»։
Ընտրական հանձնաժողովն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Սպիտակի համայնքապետարանում տեղի ունեցած պաշտոնանկություններին:
«…Մասնավորապես, նշված պաշտոնանկությունները կարող են դիտարկվել նաև Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումների համատեքստում, այսինքն, նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի, այդ թվում՝ մարդկային ռեսուրսի օգտագործումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով:
Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ մարդկային ռեսուրսի օգտագործումը կարող է դրսևորվել ոչ միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին նախընտրական քարոզչությանն անմիջականորեն ներգրավելու, այլև նրանց նկատմամբ ծառայողական դիրքի բերումով ունեցած կառավարչական ազդեցությունն օգտագործելու միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակի ավագանու ընտրություններին նախորդող շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ ահազանգ է ներկայացրել «Անկախ դիտորդ» դաշինքը։ Ահազանգի հիմքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համայնքապետարանի չորս աշխատակիցների պաշտոնանկություններն են։
Աշխատանքից ազատվածների թվում են եղել համայնքապետի տեղակալը և երեք բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք առաջադրվել են մրցակից քաղաքական ուժի ցուցակով։
Բացի այդ, Քաջայր Նիկողոսյանը համայնքի մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական է ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։
«Անկախ դիտորդ» դաշինքը գնահատել է, որ այդ պաշտոնանկությունները բավարար իրավական հիմնավորում չեն ունեցել և կարող են բացասաբար ազդել համայնքապետարանի մյուս աշխատակիցների՝ իրենց քաղաքական դիրքորոշումն ազատ արտահայտելու հնարավորության վրա։ Դաշինքի համոզմամբ՝ նման գործողությունները կարող են ընտրական առավելություն ապահովել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
Դիտորդական կազմակերպությունը կոչ է արել արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքները և հարցը ներկայացնել դատարանի քննությանը։
Սպիտակի նախընտրական գործընթացի վերաբերյալ ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված մի շարք մանկապարտեզների ղեկավարների նշանակումների հետ կապված խնդիրները։
Մասնավորապես, ՔՊ-ի ցուցակի 60-րդ հորիզոնականում ընդգրկված է Կաթնաջուրի մանկապարտեզի ղեկավար Հերմինե Նիկողոսյանը, որը շուրջ երեք տարի պաշտոնավարել է առանց օրենքով պահանջվող պարտադիր հավաստագրի։
Ընտրական ցուցակի 54-րդ տեղում Շենավանի «Արեգակ» մանկապարտեզի տնօրեն Արփինե Պետրոսյանն է։ Նրա՝ առանց անհրաժեշտ հավաստագրի ժամանակավոր պաշտոնավարման նշանակումների ընթացքում ևս տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել։
ՔՊ-ի ցուցակի երրորդ հորիզոնականում Սպիտակի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Վանուհի Միրզոյանն է, իսկ 63-րդ տեղում՝ Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրեն Նվարդ Սիրունյանը։
Երկուսն էլ իրենց պաշտոններում նշանակվել են մրցութային գործընթացներից հետո, որոնց հաղթողներից է եղել նաև Մարինե Գալստյանը։
Վերջինս հաղթող է ճանաչվել ընդհանուր առմամբ չորս մրցույթում, սակայն դրանցից ոչ մեկի արդյունքում մանկապարտեզի տնօրենի պաշտոնում չի նշանակվել։
Իշխող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է նաև Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Էդվինա Խաչատրյանը։ Նրա նշանակման ընթացակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Factor TV-ի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ Սպիտակի մանկապարտեզներում առանց պարտադիր հավաստագրերի կատարված նշանակումների առնչությամբ Կրթության տեսչական մարմնի հանձնարարականներն ամբողջությամբ չեն կատարվել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան պահանջներն իրականացվել են միայն մասնակիորեն։
Կրթության տեսչական մարմինը տվյալ հարցերի վերաբերյալ հավաքված ուսումնասիրության նյութերը փոխանցել է նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։