ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը

Նոյեմբերի 16-17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը։ Քննարկումների առանցքում կլինեն հայկական գենոմի նախագիծը, գենետիկական հետազոտությունների կիրառությունը բժշկության մեջ, հիվանդությունների կանխարգելումն ու քաղցկեղի բուժման նոր միտումները։

ՀՀ ԳԱԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Սույն թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը։

Աշխատաժողովին կմասնակցեն առաջատար հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։ Աշխատաժողովի ժամանակ կներկայացվի հայկական գենոմի նախագիծը, բնակչության գենետիկական ուսումնասիրությունների պատմությունը Հայաստանում, Եվրոպայի բնակչության գենոմային հետազոտությունների նախագիծը, գենետիկական տեղեկատվության կիրառումն առողջապահության և հիվանդությունների կանխարգելման ոլորտներում, մարդու գենետիկայի ծրագրի կառավարումը, տարբեր երկրներում գենոմային ուսումնասիրությունների արդյունքները, գենոմիկայի զարգացումը տարբեր երկրներում և թե ինչ է ստանում երկիրն այդ զարգացման արդյունքում։ Կներկայացվեն մոլեկուլային բժշկության դարաշրջանում քաղցկեղի բուժման զարգացման միտումները, «Illumina» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լուծումները վերարտադրողական առողջության ոլորտում։

Աշխատաժողովը կազմակերպում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ Ասիայի գիտությունների ակադեմիաների և ընկերակցությունների ասոցիացիայի (AASSA) կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

AASSA-ն միավորում է Ասիայի և Օվկիանիայի գիտական և տեխնոլոգիական ակադեմիաներն ու գիտական ընկերակցությունները։ Ներկայում AASSA-ի կազմում ընդգրկված են 30 երկրի 32 գիտությունների ակադեմիա և ընկերակցություն, ինչպես նաև ճարտարագիտության և տեխնոլոգիաների մեկ տարածաշրջանային ակադեմիա։ ԳԱԱ-ն ևս AASSA անդամ է:

Leave a comment