Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը

Քաղաքականություն

13.11.2026 | 13:53

Մոսկվայի Չերտանովո շրջանում՝ Կիրովոգրադսկայա փողոցում, ավտոմեքենա է պայթել։ «Կոմերսանտը», «Осторожно, новости» տելեգրամյան ալիքը, ինչպես նաև ուժային կառույցների հետ կապ ունեցող Shot և Mash ալիքները գրում են, որ այն պատկանել է Սերգեյ Զավորոտնիին՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլայ Ազարովի մամուլի նախկին քարտուղարին, գրում է Current time-ը։

Տելեգրամյան ալիքների տվյալներով՝ պայթյունի պահին Զավորոտնին գտնվել է մեքենայում։ Նա ողջ է մնացել, սակայն տուժել է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, վիճակը ծանր է։

Shot-ը գրում է, որ ավտոմեքենան անցել է շուրջ 200 մետր, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի ալիքը Զավորոտնիին դուրս է նետել երթևեկելի հատված։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ավտոմեքենայի տակ տեղադրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք՝ շուրջ 300 գրամ տրոտիլին համարժեք հզորությամբ։ Լրատվամիջոցի նախնական տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել է մագնիսական ական։ Պայթյունի փաստով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Զավորոտնին հրապարակախոս է, պատմական գիտությունների թեկնածու։ Նա աշխատել է որպես լրագրող «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։ 2003-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Պետդումայում «Ռոդինա» կուսակցության խմբակցության մամուլի ծառայության ղեկավարը։ 2018 թվականին հրատարակել է «Յանուկովիչը հանձնել է, Պետքարտուղարությունը՝ ընդունել․ ինչպես Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան» գիրքը։ Նա աջակցում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment