Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան

Քաղաքականություն

13.11.2026 | 12:29

Ռուսական զորքերը կրկին հարձակվել են Ուկրաինայի քաղաքացիական և բնակելի ենթակառուցվածքների վրա։ Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի տվյալներով՝ նոյեմբերի 12-ին ռուսական հարվածներիի հետևանքով զոհվել է չորս մարդ․ երեքը՝ Կրամատորսկում, մեկը՝ Բելենկոյեում։ Վերջին մեկ օրում ևս յոթ մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։

Զապորոժիեում ռուսական զորքերը հարվածել են մասնավոր բնակելի հատվածին։ Զոհվել է 17-ամյա պատանի, ևս չորս մարդ վիրավորվել է, հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Ավելի վաղ նա հայտնել էր նաև Զապորոժիեի մարզի վրա հարձակումների հետևանքով 15 տուժածի մասին։

Եվս երկու մարդ զոհվել է Օդեսայում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա տվյալներով՝ Ռուսաստանը հարվածել է մասնավոր բնակելի տանը։

Սումիի մարզում նոյեմբերի 12-ի երեկոյան անօդաչու թռչող սարքի թիրախային հարվածի հետևանքով սպանվել է երկու տղամարդ՝ 57 և 47 տարեկան, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Եվս մի քանի մարզերի իշխանություններ հայտնել են տուժածների մասին։ Խերսոնի մարզում երեք մարդ է տուժել։ Ռովնոյում վիրավորվել է երկու երեխա․ այնտեղ ռուսական զորքերը հարվածել են բազմահարկ բնակելի շենքի։ Վիննիցայում տուժել է երկու կին՝ 54 և 22 տարեկան։

Կիևում բուժհաստատության վրա գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել, յոթը փրկվել են, ևս 30 մարդ տարհանվել է, հայտնել են ուկրաինացի փրկարարները։

«Գիշերը ռուսները հարձակվել են մայրաքաղաքի վրա։ Շևչենկոյի շրջանում գտնվող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, իսկ երկրորդ հարկը մասամբ փլուզվել է։ Բուժհաստատության անձնակազմը 30 մարդու տեղափոխել է անվտանգ վայր, ևս յոթին փրկել են փրկարարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment