Դոնալդ Թրամփ. «Եթե չլիներ ծոցի երկրների խնդրանքը, ես արդեն լայնածավալ հարվածներ հասցրած կլինեի Իրանին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Պարսից ծոցի մյուս երկրներն իրեն խնդրել են առայժմ ձեռնպահ մնալ Իրանի դեմ լայնածավալ նոր հարվածներ հասցնելուց, գրում է Al Jazeera-ն։

Սպիտակ տանը Սթիվեն Սմիթին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ինքը կարող էր անմիջապես ավարտել պատերազմը, սակայն տարածաշրջանային դաշնակիցների խնդրանքով շարունակում է սահմանափակվել միայն տնտեսական և ռազմական ճնշմամբ։

«Սաուդյան Արաբիան խնդրել է ինձ՝ առայժմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Վստահ չեմ, որ համաձայն եմ դրա հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը ևս նախընտրում են այդ մոտեցումը։ Հարցին, թե արդյոք նման խնդրանքների բացակայության դեպքում ինքը նոր հարվածներ կհասցներ Իրանին, ԱՄՆ նախագահը հաստատական պատասխան է տվել։

Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները մինչ այժմ հիմնականում խուսափել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և կամուրջներին հարվածելուց։ Նրա խոսքով՝ ընդամենը երեք օրում հնարավոր կլինի ամբողջությամբ ոչնչացնել երկրի էներգետիկ համակարգը, կամուրջներն ու արտադրական կարողությունները։

ԱՄՆ նախագահն ընդունել է նաև, որ պատերազմի հետևանքով բենզինի գների աճը նպաստել է միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած պարտությանը, սակայն պաշտպանել է Իրանի դեմ ուժային քայլեր ձեռնարկելու իր որոշումը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի դեմ պատերազմը փաստացի ավարտված է՝ միաժամանակ վստահեցնելով, որ Վաշինգտոնը լիովին պատրաստ է և զինված՝ անհրաժեշտության դեպքում գործողությունների անցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment