Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոնում է:
Ճապոնիայի կառավարության՝ Grassroots Human Security Projects դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով): Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։
Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:
Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի շուրջ 15 հազար բնակիչներին:
Նախարարը կարևորել է բուժծառայությունների մարզային հասանելիության ապահովումը:
«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։