Ամերիկյան Nvidia տեխնոլոգիակամն ընկերության նախկին գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Սենատ՝ ցուցմունք տալու չինական լրտես լինելու մեջ կասկածվող կնոջ հետ իր ենթադրյալ սիրավեպի վերաբերյալ։
Հուանգը պետք է ներկայանա հաջորդ ամիս։ Սիրուհի ունենալու տեղեկությունը հանգեցրել էր երեկ նրա հեռացմանը գործադիր տնօրենի պաշտոնից։
Հուանգը երեկ հրաժարական էր տվել տնօրենների խորհրդի որոշումից հետո:
Հուանգը Nvidia-ի երեք համահիմնադիրներից մեկն է և ընկերության հիմնադրումից ի վեր (1993 թվական) մինչև երեկ զբաղեցրել էր դրա գործադիր տնօրենի պաշտոնը։ Կիրակի նա խոստովանել էր, որ «հավատարիմ» չի եղել կնոջը, չորեքշաբթի խոստովանել էր, որ մեկ այլ սիրավեպ է ունեցել Nvidia-ի գործընկերներից մեկի հետ։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, որն ուշադրության կենտրոնում է հայտնվել Nvidia-ի՝ արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպերի՝ Չինաստան արտահանման գործով, նույնպես կանչվել է հարցաքննության Սենատի բանկային հարցերով կոմիտե:
Հուանգին և Լութնիկին Սենատ է հրավիրել Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Թիմ Սքոթը։ «Վերջին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում մեր ազգային անվտանգության և ԱՄՆ կարևոր տեխնոլոգիաների պաշտպանության վերաբերյալ: Ամերիկացի ժողովուրդը արժանի է պատասխաններ ստանալ»,- X-ում գրել է Սքոթը։
Սքոթը Հուանգին խնդրել է կամավոր ներկայանալ դեկտեմբերի 3-ին, բայց նաև զգուշացրել է, որ հանձնաժողովը կարող է դատական ծանուցագիր ուղարկել և պարտադրել, որ ցուցմունք տա Սենատում: Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներ՝ հետախուզության և արտաքին գործերի, Չինաստանի հարցերով հանձնաժողովը, նույնպես նամակ են ուղարկել Հուանգին և դեկտեմբերի 1-ին կանչել հարցաքննության փակ դռների ետևում։
Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են, որ առևտրի նախարարը ձգձգում է արհեստական բանականության ոլորտում կիրառվող առաջադեմ չիպերը Չինաստան արտահանելու սահմանափակումները խստացնելու ջանքերը։