Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։
Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105,000 տոննա բեռ։
Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։
Փաշինյանը Դուբլին է մեկնել Թուրքիայից։ Նա մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ։