Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանը «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված 4 թեկնածուներին, որոնք հանդիսանում են համայնքապետարանի աշխատակիցներ՝ իր տեղակալին և 3 բնակավայրերի վարչական ղեկավարներին ազատել է աշխատանքից, իսկ մյուս բոլոր վարչական ղեկավարներին շրջաբերական է ուղարկել՝ չներկայացնել նպատակային արձակուրդի տրամադրման մասին դիմում։
Այս դեպքի վերաբերյալ Անկախ դիտորդ դաշինքը հայտարարություն է տարածել նոյեմբերի 2-ին:
«Հայտարարությամբ նշված հանգամանքներով թիվ 22 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է վարչական վարույթ։
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վարույթի ընթացքում հանձնաժողովը, լսել է կողմերին՝ համայնքի ղեկավարի շահերը ներկայացնող փաստաբանին և աշխատանքից հեռացված թեկնածուներին։ Վաղը կհրապարակվի հանձնաժողովի որոշումը։ Նշենք, որ այս գործընթացն աննախադեպ է. վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ վարույթ նախկինում երբեք չի իրականացվել։
«Անկախ դիտորդ» դաշինքը հարկ է համարում անդրադառնալ վարույթի ընթացքում առաջացած որոշ իրավական հարցերին.
Քաջայր Նիկողոսյանի ներկայացուցիչը նշում էր, որ աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքում դրվել են վարչական ղեկավարների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը կամ բացակայությունները, մինչդեռ նրանց ազատման հրամաններում նույնիսկ ձևական առումով չկան կարգապահական տույժերի մասին հիշատակումներ։
Դատական պրակտիկայում (թիվ ՎԴ6/0145/05/22 վարչական գործ) կա օրինական ուժի մեջ մտած վճիռ առ այն, որ համայնքի ղեկավարը չունի վարչական ղեկավարներին պաշտոնից ազատելու բացարձակ հայեցողություն, այլ կարող է կիրառել այդ լիազորությունը միայն որոշակի պայմաններում։ Այս դեպքում պաշտոնից ազատելու լիազորությունը Քաջայր Նիկողոսյանը կիրառել է առանց որևէ պատշաճ հիմնավորման, այն է՝ չարաշահել է հայեցողական լիազորությունը։
Մրցակից կուսակցության թեկնածու հանդիսացող բոլոր վարչական ղեկավարներին պաշտոնից ազատելը Քաջայր Նիկողոսյանի ենթակայության տակ աշխատող մյուս աշխատակիցների մոտ ողջամտորեն առաջացնելու է մտավախություն առ այն, որ նրանք նույնպես կարող են կորցնել աշխատանքը՝ իրեն չաջակցելու պատճառով։ Նման մտավախությունը ինքին խոչընդոտ է կարծիքների, քաղաքական նախապատվությունների ազատ արտահայտման համար։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններից որևէ մեկին աջակցության հրապարակային դրսևորումները կանխելը, ինքնին, առերևույթ առավելություն է հաղորդում մյուս, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև Սահամանդրական դատարանը իր 04․07․2026 թվականի ՍԴՈ-1835 որոշմամբ (կետ 19․1), մատնանշելով քրեադատավարական գործիքակազմի կիրառման հետևանքով առաջացող «սառեցնող ազդեցության», քաղաքական բազմակարծության դրսևորուﬓերի զսպման արդյունքը: Նույնպիսի ազդեցություն կարող է ունենալ նաև ենթակաների նկատմամբ վարչական վերահսկողության միջոցով գործածվող ազդեցությունը։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Ռեդֆերն ընդդեմ Միացյալ Թագավորության» նախադեպային վճռում սահմանել է, որ անձին քաղաքական կուսակցությանն անդամակցելու կամ ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու պատճառով աշխատանքից ազատելը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված միավորման ազատությունը։
«Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում թիվ 22 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին արձանագրել համայնքի ղեկավարի կողմից վարչական ռեսուրսի ու պաշտոնեական դիրքի չարաշահման փաստը և հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան՝ պատասխանատվության ենթարկելու պահանջով։»,-նշվում է հայտարարության մեջ։