«Ռեստարտ» հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին, ՀԱՊԿ-ում Հայաստանի կարգավիճակին, տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և ընդդիմության գործողություններին։
Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին՝ Ավագյանը նշում է, որ դրան պետք է լուրջ վերաբերվել, քանի որ դա վկայում է Ռուսաստանի կոշտացող դիրքորոշման մասին. «Համաձայն եմ, որ պետք է լուրջ վերաբերել, որովհետև սա նշանակում է, որ առջևում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանը ոչ թե գնալու է ինչ-որ առևտրի… ինքը պահանջելու է մաքսիմումը: Ինքը համ ուզում է ատոմակայանը ղեկավարի, համ ուզում է, չի ցանկանում կոնցեսիոն երկաթուղային ակտիվները հանձնել… Ռուսաստանը ավելի շատ կգնա առճակատման և կշարունակի ճնշումների ուղին»։
Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակմանն ու ԱՄՆ-ի կողմից առաջ քաշվող նախագծին՝ գործիչը շեշտում է, որ այն պետք է օր առաջ կյանքի կոչվի՝ Ադրբեջանին զսպելու և խաղաղություն հաստատելու համար։ «ԹՐԻՓՓ-ը պետք է օր առաջ լինի իրականություն… մենք կունենանք ապաշրջափակման ավելի լայն տարածություն և շարժունակություն ունեցող տարբերակ, և ավելի հավանական կդառնա ինքնին պայմանագրի ստորագրումը»,- նշում է նա։
Իսկ նրանց, ովքեր դեմ են այս նախագծին կամ առաջարկում են այլ երաշխավորներ, Ավագյանը հակադարձում է. «Այն մարդիկ, ովքեր խոսում են հավելյալ երաշխավորների մասին, մասնավորապես նշելով Չինաստանի և Ռուսաստանի դերակատարությունը, նշանակում է իրականում դեմ են ԹՐԻՓՓ-ին, ուղղակի հիմա իրենք դա ձևախեղում են»։
Գնահատելով հակաիշխանական պայքարը՝ Յուրի Ավագյանը նկատում է ընդդիմության հռետորաբանության հակասությունները. «Իրենք ուղղակի դուրս են եկել փողոց տրիբունայից գոռում են՝ մի ստորագրեք ալիևյան սահմանադրություն… Բայց դուք ի՞նչ եք ասում։ Ասում եք, որ պետք ա ԹՐԻՓՓ-ի համար գա երաշխավոր Ռուսաստանը։ Դա իրատեսական չի»։
Անդրադառնալով ռուսամետ շրջանակների մոտեցումներին՝ Ավագյանը հռետորական հարց է հնչեցնում վերջիններիս իրական նպատակների վերաբերյալ. «Սամվել Կարապետյանը լինելով Ռուսաստանում հարստացած մարդ, կախվածություն ունի նույն Կրեմլից… Մենք Ռուսաստանի նպատակները հասկացել ենք: Ռուսաստանի հնարավորությունը ի՞նչ առումով բերի, այսինքն, որ Սյունիքում կոնկրետ տարածք տրամադրվի ռուսական ՖՍԲ-ի վերահսկողությանը, այնտեղ լինեն ցանկապատներ, այնտեղ Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը, իրավապահ համակարգի ազդեցությունը չտարածվի… Եթե սա ա տարբերակը, թող ուղիղ ասեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան