Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօր՝ նոյեմբերի 12-ի դատական նիստում հարցաքննվել են մեղադրյալները։
Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե իրեն սպառնացել են, ստիպել են խոստովանել, թե ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին։
«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում՝ այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս գան սենյակից: Մոտեցավ, ասաց՝ «արի նստենք, խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ», ես էլ ասացի, որ կապ չունեմ, ի՞նչ պետք է ասեմ: Ասաց՝ «եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել»»,- նշել է Գևորգ Հարությունյանը։
Այսպիսով՝ Գևորգ Հարությունյաը ցուցմունք է տվել ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց վերաբերյալ՝ Վարդան Վարդանյանի և Արամ Հովհաննիսյանի։
Ավելի վաղ Գևորգ Հարությունյանը դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել։
Հիշեցնենք՝ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։