ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը. Էստոնիայի վարչապետ

Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչները պետք է լինեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, քանի որ նրանք արդեն նման մանդատ են ստացել համապատասխան պաշտոններում  նշանակվելու միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։

«Եվրոպան արդեն ընտրել է իր ներկայացուցիչներին՝ Եվրախորհրդի նախագահ Կոշտային և Կայա Կալասին։ Երկուսն էլ, անկասկած, հաշվետու են ԵՄ անդամ երկրներին», – ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրամիությունը պետք է ներկայացնեն այնպիսի մարդիկ, որոնց վստահում են միավորման առաջնորդները։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Կալասի թեկնածության վերաբերյալ Մոսկվայի կարծիքը չպետք է ազդի եվրոպացիների կարծիքի վրա։

Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները կարող են դառնալ Ուկրաինայի հարցով հաշտության բանակցությունների մասնակիցներ, երբ նրանց «խիղճն արթնանա»։

Leave a comment