Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը գրում է․ «Երբ հասարակությունը դադարում է հավատալ, որ գոյություն ունի օբյեկտիվ ճշմարտություն, բարոյական ընտրությունը վերածվում է սոսկ ճաշակի հարցի։ Այսօրինակ պայմաններում չարի և անօրենության հանդեպ լռությունը այլևս չի ընկալվում որպես մեղսակցություն, այլ` «չեզոքություն»։
Սակայն քրիստոնեական ըմբռնմամբ չեզոքությունը, հաճախ արդեն իսկ բնորոշում և կողմնորոշում է՝ լռել նշանակում է թույլ տալ, որ սերն անէանա։
Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց։ Այսպես, առաջին հայացքից, իբրև սոցիալական խնդիր երևակվող, բայց իրականում սիրո և հավատի կորստից բխող անտարբերությունը, իսկ ավելի ստույգ` հասարակության սեկուլյարացումը, հանգեցնում է «հարաբերականության դիկտատուրայի»։ Սա այլ բան չէ, եթե ոչ խղճի լռեցում կամ` խլացում՝ առաջ եկած հարմարավետության, սպառողականության, վախի կամ` այլևայլ պատճառներով։
Երբ անհատը հրաժարվում է պատասխանատվությունից կամ` ամեն բան մղում ինստիտուցիոնալ դաշտ, հասարակությունն աստիճանաբար սկսում է կորցնել իր բարոյական դիմագիծը, զգայունությունն ու հանրային համերաշխությունը։ Որն էլ իր հերթին հանգեցնում է հույսի կորստի. մարդիկ չեն հավատում, որ իրենց գործողությունները կարող են որևէ բան փոխել…»։