Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամանակագրական հաջորդականությամբ իրադարձություններն այլևս բացահայտված են, որը կատարվել է, ոչ թե խոսակցությունների հիման վրա, այլ տեսախցիկի արձանագրմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

Նա նշեց, որ տեսախցիկը ֆիքսել է, որ Գևորգյանի գանգատից հետո ծառայողը մոտեցել է խցին, այնուհետև նա կանչել է բուժսպասարկումն իրականացնող անձին, վերջինս մտել է խուց, դրանից անմիջապես հետո կանչվել է շտապօգնություն։

«Ըստ արձանագրված կանչի և ՔԿՀ հասնելու տևողության, շտապօգնության մեքենան ՔԿՀ է մուտք գործել 16 րոպե հետո»,-ընդգծեց նախարարը։

Արձագանքելով ընդդիմության քննադատություններին՝ Գալյանն ասաց. «Շատ լավ է, որ ընդդիմությունն այսքան բարձրաձայն խոսում է մահվան դեպքի հետ կապված, այն մեզ ստիպում է շատ ավելի զգոն և աչալուրջ լինել, մի քանի անգամ մեր գործողությունները ստուգել։ Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքով են խոսում, մենք բոլոր մահվան դեպքերով ենք անհանգստանում և սա տարվա ընթացքում 4-րդ մահվան դեպքն է»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ դրանցով ուսումնասիրություններ են տեղի ունենում և հարուցվում են քրեական գործեր։

Նախարարաը նշեց, որ դիմել է առողջապահության նախարարին և տեղեկացել, որ Արսեն Գևորգյանի բժշկական քարտերում սրտի իշեմիկ հիվանդության մասին գրանցումներ չեն եղել, դատական նիստում էլ նա չի ասել որևէ բան։

«Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը և այդ ժամին, րոպեների ընթացքում նրան է մոտեցել ՔԿՀ-ի աշխատակիցը և հերթապահություն իրականացնող բուժսպասարկող անձը»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով որ Արսեն Գևորգյանը միայնակ գտնվել է 7 քմ տարածքով խցում։

«Մեր գործառույթը սկսվում և ավարտվում է այն կետում, որ մենք պետք է ապահովեինք խափանման միջոցի կրման պատշաճ պայմաններ, և պետությունը ապահովեր պատշաճ բժշկական սպասարկում։ Տեղի ունեցածը շատ վատ դեպք է, ոչ մեկն այլ բան չի կարող ասել, մեր պարտականությունն է համոզված լինելը, որ մենք չենք հապաղել։ Շատ նուրբ և շատ էմոցիոնալ հարց է: Ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորում եմ նաև ես։ Շատ ծանր հարց է, նաև ինձ համար: Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել: Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, օրինակ, երբ գրում են տարոսը քո երեխային»,- հուզված նշեց Գալյանը՝ ավարտելով ճեպազրույցը:

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment