«Տիտանիկից» ավելի մեծ օվկիանոսային նավը վերածվել է արհեստական ​​խութի (տեսանյութ)

Ամերիկյան «SS United States» օվկիանոսային նավը, որն իր երկարությամբ ավելի քան 30 մետրով գերազանցում է «Տիտանիկին», խորտակվել է Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայի ափերի մոտ։

Նավը միտումնավոր իջեցվել է օվկիանոսի հատակ՝ այն ամենամեծ արհեստական ​​խութի վերածելու նպատակով։

Նավը ծով է դուրս բերվել նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով 23:40-ին, իսկ խորտակման գործընթացը սկսվել է 2 ժամ անց։ Նավի իրանի մեջ անցքեր են բացվել, որոնց միջոցով ջուրը ներս է լցվել:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, կազմակերպիչները ակնկալել են, որ նավը կսուզվի մոտ մեկ ժամվա ընթացքում, սակայն գործընթացն ավելի երկար է տևել։ «SS United States»-ն ամբողջությամբ ջրի տակ է անցել տեղական ժամանակով նոյեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով մոտ 06:00-ին։ Այս նոր վայրը կդառնա երկրում առկա մոտ 500 արհեստական ​​խութերից մեկը։

«SS United States»-ը համարվում է 20-րդ դարի կեսերի ինժեներական ակնառու նվաճում։ 1946 թվականին նախագծված այս նավը 1952 թվականին՝ իր առաջին (անդրանիկ) նավարկության ժամանակ, Ատլանտյան օվկիանոսը հատելու արագության ռեկորդ է սահմանել։

«SS United States»-ի երկարությունը մոտ 305 մետր է, մինչդեռ «Տիտանիկինը»՝ 269 մետր։ Տարիների ընթացքում այս նավի ուղևորների թվում են եղել Հարրի Թրումենը, Ջոն Ֆ․ Քենեդին, Բիլ Քլինթոնը, Մերիլին Մոնրոն, Ուոլթ Դիսնեյը, Սալվադոր Դալին, Կոկո Շանելը և ուրիշներ։ 1963 թվականին նավը Ատլանտյան օվկիանոսով տեղափոխել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարը։ «SS United States»-ը շահագործումից հանվել է 1969 թվականին։ Հաջորդ 30 տարիների ընթացքում այն ​​մնացել է նավահանգստում։ Մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները բազմիցս փորձել են վերականգնել նավը, սակայն 2026 թվականին իշխանությունները որոշել են այն վերածել արհեստական ​​խութի։

Leave a comment