Քաղաքականություն
12.11.2026 | 13:55
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի դեմ՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել աշխատակազմին վերացնել իր՝ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները կատարելու արգելքները, այն է՝ թույլատրել իր մուտքը աշխատավայր՝ ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածք։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Սուքոյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով․
«Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային ժողով արգելափակվել է։ Իրականում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։ Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,– ֆեյսբուքյան էջում գրել էր Սուքոյանը` կից հրապարակելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանի ստորագրությամբ փաստաթուղթը։
Որոշման մեջ որպես պատճառաբանություն նշվել էր հետևյալ հանգամանքը․ «Պատգամավորի օգնականի մուտքը խորհրդարանի տարածք ժամանակավորապես արգելված է Սուքոյանի և Վահագն Ալեքսանյանի ու ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, և Սուքոյանի մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետևանքները բացառելու նպատակով»։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։
ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածք Արթուր Սուքոյանի մուտքն արգելելու որոշման դեմ բերված հայցը Քաղաքացիական դատարան է մուտքագրվել նոյեմբերի 10-ին, իսկ երեկ մակագրվել դատավոր Սերինե Խաչատրյանին։
Ռոզա Վարդանյան