Հունաստանի էլեկտրահաղորդման համակարգի օպերատոր ADMIE-ն հայտարարել է Կոս կղզին երկրի մայրցամաքային հատվածում գտնվող Կորինթոս քաղաքին միացնող ստորջրյա էլեկտրահաղորդման համակարգի կառուցման մեկնարկի մասին։ Նախագծի արժեքը կազմում է 1.48 մլրդ եվրո։
Ինչպես հաղորդում է Naftemporiki պարբերականը, ADMIE-ն պայմանագիր է կնքել Hellenic Cables ընկերության հետ։ Նախատեսվում է առաջիկայում սկսել ծովի հատակի ուսումնասիրությունները։
Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային միջոցներով։ Այն նաև դրական գնահատական է ստացել Կղզիների դեկարբոնիզացիայի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու համար։ Հիմնադրամը ստեղծվել է Հունաստանի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի և ԵՆԲ-ի աջակցությամբ։
Նախագծով նախատեսվում է կառուցել 320 կՎ լարման բարձրավոլտ հաստատուն հոսանքի (HVDC) էլեկտրահաղորդման համակարգ՝ 1 000 ՄՎտ փոխանցման հզորությամբ։ Մալուխային համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 1 290 կմ։
ADMIE-ի փոխանցմամբ՝ նախագիծը Դոդեկանեսյան կղզիները Հունաստանի մայրցամաքային էլեկտրացանցին միացնելու առաջին փուլն է։ Կոսից հետո նախատեսվում է միացնել նաև Հռոդոսը, Կարպատոսը և տարածաշրջանի մի շարք փոքր կղզիներ։
Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Ստավրոս Պապաստավրուի խոսքով՝ շուրջ 1.5 մլրդ եվրոյի ներդրումը կարևոր քայլ է կղզիների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Նախագծի իրականացումը կապահովի ավելի կայուն, մաքուր և մատչելի էլեկտրամատակարարում՝ նվազեցնելով կղզիների կախվածությունը նավթավերամշակման գործարաններից մատակարարվող թանկարժեք վառելիքից։