Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվությունը։

Նախագիծը ներկայացնող ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվելու համար։

Փոխնախարարը նշեց, որ թեև 16-ից 18 տարեկան անձինք ունեն սեռական ազատություն, դա չի նշանակում, որ նրանք կարող են ներգրավվել իրենց առողջությանն ու զարգացմանը վնասող գործունեության մեջ։ Նրա խոսքով՝ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությանը, առողջությանը և լիարժեք զարգացմանը, իսկ նման ծառայություններից օգտվելու քրեականացումը չի կարող դիտարկվել որպես անձնական կյանքին միջամտություն։

Մկրտչյանը հավելեց, որ նախագծով առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվում 12-ից 16 տարեկան երեխաների նման ծառայություններից օգտվելու համար։

Անդրադառնալով երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերին՝ փոխնախարարը նշեց, որ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ մեղադրյալներն ազատվում են պատասխանատվությունից տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով երեխաների առանձնապես անպաշտպան կարգավիճակը՝ նախագծով առաջարկվում է բացառել երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատումը նշված երկու հիմքերով։

Մկրտչյանն ընդգծեց, որ այս փոփոխությունը բխում է երեխայի լավագույն շահերի պաշտպանության անհրաժեշտությունից։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջարկվում է արգելել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատումը անչափահասների կամ անօգնական վիճակում գտնվող անձանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերում։

Անդրադառնալով ԱԺ վերլուծական և փորձագիտական վարչության առաջարկություններին՝ փոխնախարարը հայտնեց, որ 12-ից 16 տարեկան երեխայի նման ծառայություններից օգտվելու համար պատասխանատվությունը նախատեսվում է ամրագրել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածում։

Նա պարզաբանեց, որ տվյալ դեպքում առաջնայինը երեխայի սեռական անձեռնմխելիության պաշտպանությունն է, իսկ հասարակական կարգի և բարոյականության պաշտպանությունը լրացուցիչ նպատակ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment